Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը պատրաստվում էր լինել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և նրա քաղաքական թիմի ոգեշնչողը, գաղափարական հրետանին: Սակայն այսօր դեռևս չի որոշել՝ կսատարի՞ արդյոք ԲՀԿ-ին, թե՝ ոչ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը:
Նա նշեց, որ իրենք արել են համագործակցության պատրաստակամության մասին հայտարարություն, հիմա ԲՀԿ-ի հերթն է հայտարարելու, թե ով է լինելու քաղաքապետի իրենց թեկնածուն ավագանու ընտրություններում ԲՀԿ հաղթանակի պարագայում: Երբ հայտարարեն, թե ում են առաջադրում քաղաքապետի պաշտոնում, այն ժամանակ էլ մենք կասենք՝ սատարո՞ւմ ենք նրանց թեկնածուին թե՝ ոչ: Եթե մենք չգիտենք՝ ում ենք սատարելու, ինչի՞ մասին է խոսքը: Հանրապետականը հայտարարել է, «Ժառանգությունը» հայտարարել է, երբ նրանք հայտարարեն, թե ում մասին է խոսքը գնում, արդյոք այդ մարդը կիսո՞ւմ է այդ գաղափարների իրագործման ցանկությունը, կորոշենք: Սա է հարցը»,- ասաց Դավիթ Հակոբյանը:
Ինչո՞ւ ԲՀԿ-ն չի հրապարակում քաղաքապետի թեկնածուի անունը՝ հանրապետության գլխավոր մարքսիստը դժվարացավ ասել, քանի որ ինքը ԲՀԿ կադրային խոհանոցի հետ կապ չունի: Այդուհանդերձ, նա համոզված է, որ իր գաղափարները կարող է կրել միայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, և կցանկանար նրան տեսնել քաղաքապետի պաշտոնում:











































