ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նշեց, որ ընդունում է հայտնի արտահայտությունը, որ չկան հավերժ բարեկամներ ու հավերժ թշնամիներ, այլ կան հավերժ շահեր:
Սակայն, ըստ Թորոսյանի, հայերն ու թուրքերը գենետիկորեն անհամատեղելի են, և հայկական կողմից ցանկացած քայլ թուրքերն ընդունում են որպես նախապայմանների լեզվով խոսել: Ըստ նրա` դա է ցույց տվել պատմությունը:
Իսկ թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը գնացել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, արձանագրությունների ստորագրման, Թորոսյանը մեկնաբանեց` հղում անելով քաղաքականության մեջ կան հավերժ շահեր թևավոր խոսքին: Ըստ նրա` այդ արձանագրությունների քննարկումների ժամանակ էլ երևաց, որ թուրքական կողմը չի կարող հայերի հետ սեղան նստել որպես հավասարը-հավասարի:
«Նրանք ձախողեցին արձանագրությունների իրականացման ընթացքը, որի համար էլ մենք դիմեցինք կտրուկ քայլերի: Երբ իրենք հասկանան, որ հավասարը-հավասարի հետ պետք է մեզ հետ սեղան նստեն, այդ ժամանակ էլ արձանագրություններին արժե ընթացք տալ»,- նշեց նա:










































