Երգչուհի Սիրուշոն և «Դորիանս» ռոք խումբն ապրիլի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես են եկել «Միասին մեկ բեմում» համերգային ծրագրով:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` համերգի առաջին հատվածում հնչել են «Դորիանս» ռոք խմբի երգացանկում ընդգրկված հին ու նոր կատարումները, որոնց թվում էր նաև խմբի «Եվրատեսիլ 2013»-ի Lonley planet երգը: «Ես կուլամ» երգի ընթացքում ողջ դահլիճը ձայնակցել է խմբի մենակատար Գոռ Սուջյանին:
Համերգային երկրորդ հատվածում հանդես եկող Սիրուշոն բեմից հանդիսատեսին ուղղելով իր խոսքը` նշել է, որ ցանկանում է, որ այս պահը հավերժ մնա իր հետ: «Իմ առաջին համերգը տեղի է ունեցել, երբ ես տասը տարեկան էի, և այդ օրվանից իմ երաժշտական նախասիրությունները չեն փոխվել»,- անդրադառնալով իր կատարմամբ Կոմիտասի «Վիրավոր լորիկ» ստեղծագործությանը` նշել է Սիրուշոն:
Insight երգի ընթացքում երգչուհուն դաշնամուրային կատարմամբ նվագակցել է Վահագն Հայրապետյանը: Ռոքային տարբերակով հնչել է նաև Սիրուշոյի «Հավատում եմ» ստեղծագորությունը:
Համերգային ծրագրում համադրվել են ռոք և փոփ ոճերի, ինչպես նաև ազգային մեղեդիների ռիթմերը: Համերգը ուղեկցվել է պարային և լուսային շոու ծրագրով: Սիրուշոն համերգի ընթացքում կատարել է «Դորիանս»-ի «Ես կուլամ» երգը, փոխարենը «Դորիանս»-ը երգել է Սիրուշոյի «Պռեգոմեշ»-ը:
Երկրպագուների համար համերգը իսկապես սպասված էր, ինչի մասին էին վկայում չդադարող ծափահարությունները: Երգերի մեծ մասի ընթացքում դահլիճը երգում էր արտիստների համահավասար:
Համերգը երկրպագուներից 2-ի համար բացառիկ հնարավորություն է ընձեռել հանդիպել սիրած կատարողներին ետնաբեմում: Համերգի կազմակերպիչ Deem communications ընկերությունը ետնաբեմում հայտնվելու համար նախապես երկրպագուների միջև մրցույթ էր հայտարարել: Ընկերության ֆեսյբուքյան էջում «Դորիանս» խմբի և Սիրուշոյի պաստառի տակ մեկնաբանություններում երկրպագուն պետք է գրեր, թե ինչու է իր կարծիքով ինքն այն լավագույն երկրպագուն, ով պետք է հայտնվի համերգի ետնաբեմում: Առավելագույն քանակությամբ «Like»-եր հավաքած երկու մասնակիցները հնարավորություն ունեցան լուսանկարվել իրենց սիրված կատարողների հետ:
«Միասին մեկ բեմում» համերգից առաջ` առաջին անգամ հանրությանը ներկայացվեց նաև Սիրուշոյի երգին համանուն «Պռեգոմեշ» զարդերի հավածաքուն:









































