Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հերքել է ԶԼՄ-ների տեղեկությունը, որ Թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռներին հրամայվել է Սիրիայի երկնքում ռուսական ինքնաթիռների թշնամական վարքի դեպքում «երկինք-երկինք» հրթիռներ կիրառել: Այս մասին հայտնում է Defenсe in the Media-ն՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության պաշտոնական բլոգը:
«Այդ պատմություններում ճշմարտություն չկա»,- մեջբերում է բլոգը բրիտանական ռազմական գերատեսչության ներկայացուցչին:
Տեղեկությունը, որ նման հրահանգներ են տրվել, հայտնվել է հոկտեմբերի 11-ին Daily Star Sunday տաբլոիդում: Պարբերականի տեղեկությամբ՝ պատասխան կրակ բացելու թույլտվություն է տրվել բրիտանական «Տոռնադո» կործանիչ-ռմբակոծիչների օդաչուներին, որոնք իսլամիստների դիրքերի ուղղությամբ հարվածներ են հասցնում այդ շրջանում:
Միևնույն ժամանակ, օդաչուներին պատվիրված է «ցանկացած գնով խուսափել ռուսական կործանիչների հետ կոնտակտից»: Պարբերականի պնդմամբ՝ որոշումն ընդունվել է մերձավոր Արևելքում ռուսական օդուժի ներկայությունից հետո մթնոլորտի սրման և ռուս զինվորականների ծրագրերի անորոշության պատճառով:











































