Այսօր ապրիլի 24-ն է. ասել կամ գրել այս արտահայտությունը` հավասարազոր է ամեն ինչ ասելուն կամ… ոչինչ չասելուն:
Որովհետև «ապրիլի 24-ը» խիստ տարբեր է յուրաքանչյուրի համար:
Փորձեք տեղեկանալ, թե ում համար ինչ է ապրիլի 24-ը, և եթե ձեզ հետ անկեղծ լինեն` կստանաք ոչ այնքան հոդաբաշխ պատասխաններ…
Մինչդեռ ապրիլի 24-ն, իրականում, ոմանց համար պարզապես շահութաբեր բիզնես է, ոմանց համար` իրենց մասնագիտությունն ու գոյությունը արդարացնելու հիմնավորում, մնացյալի համար էլ…
– Եղեռնի գնալո՞ւ ես, – ով կասի, թե ամենաշատը այս արտահայտությունը չի հնչել կամ հնչում ապրիլի 24-ին` հոգուն մեղք արած կլինի:
Էս է էս օրվա մեր ընկալումն` իր ընդհանրության մեջ՝ առանց մեկնաբանության էլ «հասկանալի» ու մեկ էլ պետական տարբեր տրամաչափի այրերի ծեքծեքումները` «ճանաչել-դատապարտել-պատժել» հանգերգերով: Ու, բնականաբար, ոչ մի խոսք, թե դա ի՞նչ է ենթադրում: Ի՞նչ հետևանքներ: Ի՞նչ արդյունքներով:
Որևէ մեկը կարո՞ղ է մտաբերել, թե երբևէ ինչ-որ հստակ ձևակերպում է տրվել «մեր ուզածին»:
Տարիներ առաջ, արդեն հանգուցյալ Էդվարդ Հովհաննիսյանը, ով Հայ դատի գրասենյակի տնօրենն էր, ասել է. «Այո, ցեղասպանություն տեղի է ունեցել, բայց դրանից հետևում է, որ պետք է հատուցվեն բոլոր այն վնասները, որոնք ցեղասպանության հետևանքով հասցվել են հայ ժողովրդին: Ի՞նչ է հատուցումը` հողային, նյութական, ինչպե՞ս մենք պետք է դատարանի առջև կանգնեցնենք երիտթուրքերին, ի՞նչ հոդվածով պիտի նրանց մեղադրենք, ինչքա՞ն հատուցում ուզենք, ի՞նչ սահմաններում պիտի հող ուզենք, և այլն, և այլն… Բոլոր այս հարցերը, դժբախտաբար, մենք դեռ չենք լուծել: Կարող եմ ասել` նույնիսկ չենք զբաղվել»:
Բա ինչո՞վ ենք զբաղվել` մի հարցնող լինի:
Փաստորեն ստացվում է, որ մեզնից միայն ասացողների ցեղ է ստացվել:
Կուխնիներից սկսած մինչև Եվրախորհրդարան ու մի բան էլ դենը:
Բա, եթե չենք զբաղվել, ինչի՞ մասին ենք խոսում:
ԴԱՏԸ` մենք ենք:
Ղարաբաղը դատարկելով` դատ չես շահում:
Հայաստանը մոնղոլ-թաթարական դարձնելով` նույնպես:
ԴԱՏԸ շահել հնարավոր է միայն հզոր լինելու դեպքում:
Իսկ հզոր` նախ մտքով պետք է լինես: Աշխարհի հետ հարաբերվելու քո կերպով ու կերպարով` ընդհանրապես:
…Քեզ ԹՇՆԱՄԻ կարող է լինել քեզ հետ համադրելին գոնե: Երբ անհամադրելիին ես քեզ թշնամի հռչակում` կանխապես քո ժողովրդին պարտության ես դատապարտում` պարտվողի ու պարտվածի հոգեբանություն արմատավորելով:
Ու որևէ մեկին համադրելի դառնալու համար պետք է…համադրելի դառնալ:
Ոչ թե երկիրը մի քանիսի պոլի շորը սարքել:
…99 տարի առաջ Սաբահէդդին փաշան ասել է. «Ես ուղղակի զարմացած եմ մնացել, ինձ հետ էլ` շատ եվրոպացիներ: Հայ ազգը ինչպե՞ս կարող է հարգանք պահանջել, երբ անգամ Ադանայի կոտորածից հետո էլ մեծամասնությամբ Իթթիհատի կողմն է բռնում: Դաշնակցականները ինչպե՞ս սեղմեցին իթթիհատական արյունոտ, եղեռնագործ ձեռքը և նրանց հետ համաձայնություն կնքեցին: Հայ ազգը, որ անհաշտ դիրք պիտի բռներ, ընդհակառակը` ամենից ավելի զիջողը, տեղի տվողը, կռացողը նա եղավ…»:
…«Ես ուղղակի զարմացած եմ մնացել»…
Ես էլ:
Ու կարծում եմ` ոչ միայն:
– Եղեռնի գնալո՞ւ ես:
Այդին Մորիկյան
«Ժամանակ Երևան», Ապրիլի 24, 2008թ.
Լուսանկարը` PanArmenian Photo-ի:








































