Հնարավոր է շարժումը հասցնել հաջող հանգրվանի, բայց արդյո՞ք մեր քաղաքական միտքը պատրաստ է դրան: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ, վերլուծաբան Արծրուն Պեպանյանը: Նա նշեց, որ հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ եթե անհապաղ փոփոխություններ չիրականացվեն, ապա կվտանգվի երկրի ապագան: Իսկ իշխանությունները, նրա համոզմամբ, կարծես թե չեն զգում այդ վտանգը:
«Ներկայիս շարժումը նախորդների ճակատագրին չարժանանալու համար պիտի կիրառի ոչ ստանդարտ քայլեր: Նկատեմ, որ այդ առումով շարժման ղեկավարները բավականին ուշացել են, որը և շարժման թուլացման պատճառներից է: Բայց դեռ ուշ չէ: Տեսականորեն հնարավոր է շարժումը հասցնել հաջող հանգրվանի: Բայց արդյո՞ք մեր քաղաքական միտքը պատրաստ է դրան: Յոթ տարի առաջ հրատարակած իմ մի գրքում, քննելով մեր ժողովրդի անցած դժվարին ճանապարհը, կարծիք եմ հայտնել. «Մեր երկրի վերջին 17-18 տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ դասական քաղաքականությունը և քաղաքագիտությունը կարծես թե լուծում չունեն մեր իրականության համար: Ժողովրդի պատմական անցյալով և հասարակարգի փոփոխությամբ պայմանավորված բացասական դրսևորումների հանրագումարային ազդեցությունը հետզհետե աղավաղում է հանրային կյանքի նորանոր ոլորտներ, մարդը դառնում է էլ ավելի անպաշտպան, բարոյահոգեբանական վիճակը դառնում է առավել աղետալի: Այս ամենը շատերին դրդում է խոր անհուսության, և հաճախ կարելի է լսել՝ «ելք չկա» արտահայտությունը: Ելք, իսկապես, չկա, բայց դասական քաղաքագիտության տիրույթներում: Ոչ ստանդարտ մեր իրողության լուծումը ևս ոչ ստանդարտ է: Այն գտնվում է բոլորովին այլ հարթության մեջ, դրան հասնելու համար այլ որակի (հմտությունների ունակ) Որոնողներ են հարկավոր»: Եվ որքան ես եմ հետևում հռետորների խոսքերին՝ այդ նոր, ոչ ստանդարտ մոտեցումը չեմ տեսնում»,- ասաց Արծրուն Պեպանյանը:
Վերջինս որպես լուծում առանձնացրեց զուգահեռ իշխանություն ձևավորելու գաղափարը, թեև չէր ասի, թե այդ մշակումներն ամբողջական են և ունեն ներկա վիճակը հաղթահարելու ներուժ: Բայց և՝ առանց այդ առաջարկների ընդունման դժվարանում է տեսնել շարժման ապագան:
«Զուգահեռ իշխանության օրինակ մենք ունեցել ենք. Արցախյան շարժման տարիներին տևական ժամանակահատված ունեցել ենք երկու իշխանություն: Հետո ժողովրդական իշխանությունը դարձավ փաստացի իշխանություն, ու մենք ընկանք փոսը, քանի որ մեր քաղաքական դաշտը չուներ ոչ ստանդարտ լուծումը որոնողներին»,- նշեց Արծրուն Պեպանյանը՝ շարունակելով, թե հավանականությունը, որ քաղաքական մտքի ներկա զարգացման պայմաններում կհաջողվի զուգահեռ իշխանությունը վերածել փաստացիի, քիչ հավանական է:
Հարցին՝ այլ ուժերի համար Ազատության հրապարակը գրավելու հնարավորություն տեսնո՞ւմ է, պատասխանեց, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը դեռ պետք է մահացած վիճակից դուրս գան: Նրա գնահատմամբ՝ այդ ուժերը քաղաքական հոգեվարքի մեջ են, ու բավական երկար ժամանակ է պետք այդ վիճակը հաղթահարելու համար: «Իրենք պետք է հեղինակություն ձեռք բերեն՝ քայլեր իրականացնելով, դրա համար շատ ժամանակ է պետք»,- նկատեց նա:







































