ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացավ մարզում իրականացվող հակահեղեղային միջոցառումների, Արաքսի ափապաշտպան կառույցների ամրացման աշխատանքների ընթացքին:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, պատասխանտու այլ անձանց ուղեկցությամբ փոխվարչապետը Արաքսի ափապաշտպան կառուցների ամրացման աշխատանքներին ծանոթացավ Փշատավան համայնքի տարածքում: Զեկուցվել է, որ նախատեսված աշխատանքների մեծ մասը` մոտ 90 տոկոսը, կատարված է, և դրանք ամբողջությամբ կավարտվեն ընթացիկ ամսվա կեսերին:
Մարզի Ակնաշեն համայնքի տարածքում առաջիկա շաբաթների ընթացքում կավարտվեն Մեծամոր գետի ափերի ամրացման աշխատանքները: Այստեղ ևս փոխվարչապետը ծանոթացավ իրականացվող միջոցառումներին: Զեկուցվեց նաև մարզի Մյասնիկյան և Խանջյան համայնքների տարածքներում հեղեղատարերի հուների մաքրման և ափերի ամրացման աշխատանքերի ընթացքի մասին: Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց աշխատանքներն իրականացնել որակով և հնարավորինս սեղմ ժամկետներում` ափամերձ տարածքները հեղեղումների հնարավոր վտանգից պաշտպանելու համար:
Նշենք, որ ՀՀ կառավարության փետրվարի 28-ի 171 – Ն որոշմամբ հակահեղեղային միջոցառումների, Արաքսի ափապաշտպան կառույցների ամրացման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 679 մլն դրամ` հանրապետության մարզերի 14 օբյեկտներում աշխատանքների իրականացման համար:












































