«Թող խփողին բռնեն, կալանավորեն, ոչ թե նման կեղտոտ խաղեր տան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով եռօրյա ձերբակալությունից հետո երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորված Արայիկ Պետրոսյանի հայրը՝ Արշալույս Պետրոսյանը, ավելացնելով, որ այսօր բողոքարկելու են մեղադրանքը եւ կալանավորման որոշումը:
«Մենք արդեն սաղ կուրսի ենք իրանց սարքած ամեն ինչից: Մարդը երեխուն տանում է դպրոց, հետ է գալիս, ասում են՝ մարդ ես խփել, անօրինական մեղադրանք են ներկայացնում, էս ո՞ր երկրում ենք ապրում: Էնտեղ գյուղապետի չորս երեխուն թողին որբ, էստեղ էլ չորս երեխու են թողնում սոված: Թող իմ տղու ձեռքը հրացան տան, եթե կարողացավ նորմալ կրակի, թքեն իմ երեսին, ես համոզված եմ, որ չի կարա»,- ասաց նա:
Նշենք, որ Արայիկ Պետրոսյանին ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քր.գործով մեղադրանք է առաջադրվել քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:









































