Սուրբ Զատիկը եկեղեցական այն տոներից է, որ մեծ ժողովրդականություն է վայելում: Տոնն ունի իր խորհուրդը, ավանդույթները, որոնք արդեն 1700 տարի պահպանվում են : Սուրբ Զատկի արարողակարգը մեկնարկում է եկեղեցիներում, որտեղ կմատուցվի պատարագ և տեղի կունենա ճրագալույցի արարողություն: Պատարագի մասնակիցները պետք է եկեղեցուց ճրագ տուն տանեն, որն ըստ ավանդության տունը լույսով է լցնում:
Ըստ ժողովրդական բանահյուսության` այդ օրը պետք է հավաքվեն ընտանիքի բոլոր անդամներն ու միասին սեղան նստեն: Դա նաև խորհրդանշում է ընտանիքի միասնությունն ու համերաշխությունը:
Հետևաբար Զատկի սեղանը պետք է տարբերվի այլ օրերի ու տոների սեղանից: Դրա համար կա հատուկ ճաշացուցակ: Սեղանին պետք է դրված լինեն չամիչով փլավ, ձուկ, կուտապ, գաթա, ներկած ձու, գինի: Ազգագրագետ, նկարչուհի Լուսիկ Ագուլեցին մեզ հետ զրույցում նշեց, որ կերակրատեսակներից յուրաքանչյուրի ներկայությունը խորհրդանշական է:
Նա նաև ընդգծեց, որ ձուն պետք է ներկել միայն կարմիր գույնով: Գունավորը դա հին ժողովրդական արևելյան երկրի սովորություն է, որը գարնան սկիզբ, բնության զարթոնք է խորհրդանշում: Բայց ոչ քրիստոնեական, քրիստոնեականը պետք լինի միայն կարմիր գույնով: Իսկ Զատկի ձվի ամենագեղեցիկ բնորոշումը տվել է Գրիգոր Տաթևացին` նշելով, որ հավկիթը նման է երկրագնդի, իսկ կարմիր գույնը Քրիստոսի արյունն է, որ հեղվեց ողջ աշխարհի վրա ու փրկեց մարդկությանը:
Զատկի սեղանի խորհրդանշական բաղադրիչներն են նաև, ըստ Լուսիկ Ագուլեցու, հետևյալ կերակրատեսակները. «Նվիկով կերակուրն անհրաժեշտ է, որովհետև Մարիամ Աստվածածինը հենց կանաչու այդ տեսակով է խանձարուրել նորածին Հիսուսին: Ձուկը թարգմանաբար կոչվում է Հիսուս Քրիստոս Աստծո որդի, իսկ չամիչով փլավի խորհուրդը հետևյալն է. փլավը ժողովրդի հավաքական կերպարն է, իսկ չիրն ու չամիչը` մեր հավատը: Գաթան խորհրդանշում է արև: Իսկ գաթայի փայլը` Հիսուսի լույսը, և տա Աստված, որ այդ լույսը բոլորի վրա և բոլորի ընտանիքներում տարածվի»:
Իսկ այս սովորությունը մեր ընտանիքներում սերմանելու համար անհրաժեշտ է, որ կրթական օջախներում այս ամենը ընդգծված ձևով սերմանվի:








































