Ապրիլի 9-ը Երևանում նշանավորվելու է երկրում աննախադեպ միջոցառմամբ՝ ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալների համաձայն՝ նախագահ վերընտրված Սերժ Սարգսյանի և ըստ այդ նույն տվյալների՝ նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալություններով: Ըստ էության, ՀՀ պատմության մեջ առաջին անգամ հայ ժողվուրդը երկու երդմնակալության ականատեսն է դառնալու, որոնցից առաջինը պաշտոնական՝ Երևանի մարզահամերգային համալիրում, իսկ երկրորդը ոչ պաշտոնական՝ Ազատության հրապարակում:
«Ի՞նչ կլինի ապրիլի 9-ին և ապրիլի 9-ից հետո: Ի՞նչ կխոսի ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը և ինչպե՞ս երդմնակալության փաստին կարձագանքի Սերժ Սարգսյանը»,- այս պահին հանրությանը հետաքրքրող այս հարցադրումներն իրենց պատասխանը կստանան հենց ապրիլի իննին: Եթե հաշվի առնենք ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի՝ լրատվամիջոցների հետ հանդիպմանը հնչեցրած դիտարկումները, թե զգուշացրել է Րաֆֆի Հովհաննիսյանին, որ նա ազատ է գնալ Ազատության հրապարակ, իրեն հռչակել ընտրված նախագահ, բայց անօրինական գործողությունների դեպքում իրավապահ մարմիններն իրենց պարտականություններն են կատարելու, հարցերն էլ ավելի են շատանում: Մտահոգությունները շատ են, թե երդմնակալության արարողությունը կխոչընդոտվի իրավապահ մարմինների կողմից՝ որակվելով որպես անօրինական գործողություն:
«Առաջին լրատվական»-ը փաստաբանների հետ փորձեց պարզել, թե արդյո՞ք «ստվերային» երդմնակալության արարողության կազմակերպիչները կարող են ենթարկվել պատասխանատվության: Փաստաբան Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չգիտի այնպիսի մի օրենք, որով հնարավոր է մարդուն արգելել, որպեսզի նա գնա երդվի:
«Ես չեմ հիշում որևէ իրավական կարգավորում, որևէ նորմ, որը մարդուն արգելի երդում տալ: Չգիտեմ նաև, թե այլ ինչ խախտում կարող է տեղի ունենալ, բայց այն որ որևէ մեկին արգելված չէ երդվել օրվա ցանկացած պահին, ցանկացած տեղ, դա չգիտեմ, որ արգելվում է: Զանգվածային միջոցառման մեջ կարող է այլ իրադարձություն տեղի ունենալ, բայց երդումը չի արգելվում: Օրենքներն, իհարկե, շատ են, բայց ինձ նման օրենք հայտնի չէ»,- հստակեցրեց փաստաբանը:
«Առնի Լեգալ Էյդ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ցանկացած մեկը կարող է հրապարակային երդմնակալության գնալ: Նրա համոզմամբ՝ դա որևէ կերպ չի կարող և չպետք է խոչընդոտվի, որովհետև որևէ օրենքով դա չի արգելվում: Ազատության հրապարակում երդմնակալության արարողությունն իրենից զանգվածային միջոցառում է ենթադրում, ուստի եթե իշխանությունները փորձեն իրավապահ մարմինների միջոցով ճնշել կամ խոչընդոտել երդմնակալության արարողությունը, ապա, ըստ փաստաբանի, դա կարող են անել հեշտությամբ:









































