Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Նավի Փիլայը ամերիկյան խորհրդարանի բոլոր ճյուղերին կոչ է արել միավորել ջանքերը՝ փակելու Գուանտանամոյի ճամբարը: Նա ընդգծել է, որ այնտեղ խախտվում են միջազգային իրավունքի նորմերը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Չորս տարի առաջ Փիլայը ողջունել է բանտը փակելու՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոստումը: Բանտը տեղակայված է Կուբայում գտնվող ամերիկյան ռազմաբազայի տարածքում: Այսօր իր իսկ խոսքով՝ ինքը հիասթափված է, որ այդ ուղղությամբ ոչինչ չի փոխվել:
Փիլայը նկատել է, որ կալանավորների վերջին հացադուլը վկայում է այն մասին, որ նրանց հուսահատության են հասցրել:
Գուանտանամոյում պահվող՝ ահաբեկչության մեջ կասկածվող 160 անձանցից ոմանք այնտեղ են ավելի քան 10 տարի:









































