Գերմանական Քյոլն քաղաքում իրավապահները վնասազերծել են դանակով զինված տղամարդուն, ով 10 ժամ շարունակ պատանդ էր պահում մանկապարտեզի տնօրենին։ Այս մասին տեղեկացնում է տեղի ոստիկանությունը:
Ձերբակալության ժամանակ հանցագործն ուսին հրազենային վնասվածք է ստացել: Նրա անձը դեռ պարզված չէ։
Ինչպես տեղեկացրել են ոստիկանությունում, պատանդը թեթև վնասվածքներ է ստացել, սակայն ոչ թե իրեն ազատելու ժամանակ,այլ հանցագործը նրան ավելի վաղ էր վնասել: Հանցագործության հնարավոր պատճառների մասին չի տեղեկացվում:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան: Հանցագործը պատանդ էր վերցրել մանկապարտեզի տնօրենին՝ պահանջելով գումար և ավտոմեքենա: Որոշ տվյալների համաձայն՝ նա մանկապարտեզ էր մտել վաղ առավոտյան, երբ ծնողները դեռ երեխաներին չէին բերել: Դեպքի այլ մանրամասներ չեն հաղորդվում:








































