Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, Freedom House-ի նախկին ղեկավար, իսկ ներկայումս ԱՄՆ-ում գտնվող Մաքքեյնի միջազգային ինստիտուտի մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերով տնօրեն Դևիդ Կրամերը հայտարարել է, որ 2010 թվականի սկզբներից կտրուկ փոխվել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումն այն երկրների հանդեպ, որոնց Ադրբեջանի կառավարությունը համարել է բարեկամական։
Կրամերի խոսքով՝ դրանից հետո պետական պաշտոնական քարոզչությունը սկսել է բացասական վերաբերմունք ձևավորել Արևմուտքի և դրական վերաբերմունք՝ Ռուսաստանի հանդեպ։ Կրամերն ընդգծել է, որ Ադրբեջանի կառավարությունը տեսել է Ուկրաինայի դեպքերը և ահաբեկված է:
«Դրա համար էլ իշխանությունները պատրաստ են գործադրել բռնություններ՝ թույլ չտալու համար իրենց մոտ նման սցենարի իրագործում։ Իշխանությունները կարծես թե կարծում են, թե նման քաղաքականությունը թույլատրելի է, կարելի է ճնշել քաղաքացիական հասարակությանը, կալանավորել ակտիվիստներին ու լրագրողներին և ոչինչ տեղի չի ունենա։
Կարծում եմ, որ նախագահ Ալիևն ու նրա շրջապատը վիրավորված են, որ նրանք չեն դիտարկվում որպես եվրաատլանտյան հանրության մասնիկ, և որևէ խթան չեն տեսնում իրենց պահվածքը փոխելու համար։ Կարծում եմ, որ նախագահ Ալիևը պետք է շատ մտահոգվի տարածաշրջանի դեպքերից և առաջին հերթին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունից։
Ես կասեի, որ Ադրբեջանը դեռ ունի ԱՄՆ-ի, Եվրոպայի կարիքը։ Բնականաբար, Բաքուն հարաբերություններ է պահպանում Մոսկվայի հետ, սակայն Ադրբեջանի ներսում իրավիճակի վատթարացումը շարունակվում է, և Արևմուտքը վաղ թե ուշ կսկսի պատժել ու տուգանել։ Ահա թե ինչու եմ ես կողմ արտահայտվում հասցեագրված պատժամիջոցների սահմանմանը՝ բռնությունների դադարեցման համար»։









































