Բաղդադն առաջիկա օրերին կամ շաբաթներին կարող է Ռուսաստանից օգնություն խնդրել ԴԱԻՇ արմատական խմբավորման դիրքերին հասցվելիք ավիահարվածներում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրաքի խորհրդարանի պաշտպանական կոմիտեի ղեկավարին։
Գործակալության տվյալներով՝ խորհրդարանականը հայտարարել է, որ «Իրաքը ցանկանում է, որպեսզի Ռուսաստանը Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ավելի մեծ դեր ունենա, քան ԱՄՆ-ը»։
Երեկ Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանը կքննարկի Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ռուսական ուժերի մասնակցության քաղաքական և ռազմական նպատակահարմարությունը, եթե համապատասխան հայտ ստացվի։
Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր Ալ-Աբադին հայտարարել էր, որ իրենք կողջունեն ռուսական օդային գործողությունն Իրաքում։












































