Այսօր ԱԺ դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ ոստիկանների ու սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող ակտիվիստների բախումից հետո «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր տեսակետը հայտնեց «Առաջին լրատվական»-ին: Նրա գնահատմամբ՝ ոստիկանների այսօրվա արարքը օրինաչափ էր, բայց օրինական չէր. «Ցավոք սրտի, մեր գործընկերները, ոստիկանության ներկայացուցիչներն այսօր ոչ թե պետական, հանրային շահն են պաշտպանում, այլ իշխանությունների, և այն էլ կեղծված ընտրություններով ընտրված իշխանությունների: ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին դիրքորոշում հայտնելու համար ոստիկանությունը առանց որևէ հիմքի մեկուսացնում կամ ազատությունից ժամանակավոր զրկում է. սա հենց այն սահմանադրական փոփոխություններն են, որ գալիս են»:
«Երկրին պետք են արմատական փոփոխություններ,- նշեց Ա. Մարտիրոսյանը,- սահմանադրության փոփոխությամբ որևէ հարց չի լուծվում, նույնիսկ եթե հիմա Սերժ Սարգսյանը կասեցնի սահմանադրական փոփոխությունների գործընթացը, միևնույն է, Հայաստանում առկա խնդիրները չեն լուծվում: Արմատական փոփոխությունները պետք է սկսվեն իշխանափոխությունից»:











































