Բրիտանական The Guardian պարբերականը այսօր հրապարակել է բրիտանական Վիրջինյան կղզիներում օֆշորային հաշիվների սեփականատերերի երկու միլիոն փաստաթղթեր: Օֆշորային հաշիվների սեփականատերերի թվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը:
Օֆշորային բիզնեսին նվիրված նյութում պարբերականը մեջբերում է հաշիվների սեփականատերերի անուններն ու կարճ մեկնաբանություններ: Մասնավորապես, նշվում է, որ ադրբեջանցի ձեռնարկատեր Հասան Գոզալը կղզիներում ստեղծել է ընկերություն, որի ղեկավարումն իրականացվել է ի շահ Ալիևի երկու դուստրերի:
The Guardian-ի տվյալներով՝ ողջ աշխարհում օֆշորային հաշիվների ընդհանուր գումարը կազմում է 32 տրիլիոն դոլար: Վիրջինյան կղզիներում գումար պահողների թվում են նախագահներ, պաշտոնյաներ, միլիոնատերեր և այլն:
Ալիևների ընտանիքից, Գոզալից կամ նրանց փաստաբաններից մեկնաբանություններ չեն ստացվել:
Բացահայտումներն արել է լրագրողական հետաքննությունների գծով մասնագիտացած միջազգային միավորումը՝ ICIJ-ը (ԱՄՆ):







































