Կուբայի ազգային բալետի յոթ պարողներ, որոնք հյուրախաղերով գտնվում էին Մեքսիկայում, որոշել են հայրենիք չվերադառնալ՝ հաղորդում է Մայամիում կուբացի աքսորյալների կայքը:
Արտիստներից վեցը ներկայում գտնվում են ԱՄՆ-ում, ևս մեկը՝ Մեքսիկայում:
Այս նորությունը հաստատել է խմբի ներկայացուցիչը՝ ասելով, որ հյուրախաղերի ավարտից հետո մի քանի մարդ տուն չի վերադարձել: Նրանց թվում է 2 տղամարդ և 5 կին: Նրանք բոլորն էլ արդեն քաղաքական ապաստան են խնդրել ԱՄՆ-ից՝ հայտնում է BBC-ն:
Վերջին շրջանում բալետի լեգենդար պարուհի Ալիսիա Ալոնսոյի հայտնի պարային խմբի շատ արտիստներ նախընտրել են չվերադառնալ արտասահմանյան հյուրախաղերից՝ նախընտրելով ազատ տեղաշարժվելու հնարավորությունն ու նյութական ապահովվածությունը:
2011թ., օրինակ, խմբի 5 անդամ նախընտրել էր մնալ Կանադայում:







































