Նյու Յորքում տեղի ունեցած Բարաք Օբամա-Վլադիմիր Պուտին մոտ երկժամյա հանդիպմանը շուկան արձագանքել էր բավական չեզոք, իսկ ՄԱԿ-ում Պուտինի ճառի ընթացքում ռուսական ռուբլին արժեզրկվել էր զգալիորեն: Օբամա-Պուտին հանդիպումը չփոխեց Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունը, այլ վկայեց, որ առաջիկայում այդ հարաբերությունը փոփոխության ենթակա չէ: Դա նշանակում է, որ այդ հարաբերության վատթարացումից առաջ եկած տնտեսական խնդիրները Ռուսաստանում ոչ միայն պահպանվելու են, այլև խորանալու են: Դրանից հետևում է, որ խորանալու են Հայաստանի տնտեսության ռիսկերն ու խնդիրները, որոնք պայմանավորված են հինական դոնոր հանդիսացող Ռուսաստանի ֆինանսատնտեսական խնդիրներով: Այդ իրավիճակում ռիսկերն ու կորուստների վտանգը Հայաստանի համար կրկնապատկվում են ղարաբաղյան գործընթացում իրավիճակի թեժացման և ռազմական վտանգների ուժգնացման պատճառով: Միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունները չեն ցուցաբերում տնտեսական քաղաքականությունը փոխելու էական կամք և ունակություն: Չի նկատվում նույնիսկ ցանկություն:
Հայաստանի տնտեսությունը ստեղծված իրավիճակում կարող է ելք գտնել միայն արմատական փոփոխությունների միջոցով: Բացառապես ռուսական կողմնորոշման վրա կառուցված տնտեսությունը պետք է վերակողմնորոշվի: Սակայն այստեղ խնդիրը միայն ուղղությունը չէ, այլև բնույթը, կանոնները, մշակույթը: Եթե բանը լիներ պարզ կողմնորոշումը, ապա ամեն ինչ ավելի հեշտ կլիներ: Խնդիրն այն է, որ ռուսական կողմնորոշումը տնտեսության առավելապես ստվերային բնույթն է, հարաբերությունների առավելապես կոռուպցիոն մեխանիզմի գերակայությունը: Վերակողմնորոշել տնտեսությունը, նշանակում է կամ գտնել համանման կոռուպցիոն մեխանիզմի վրա հիմնված տնտեսական բևեռ, միջավայր, կամ կոռուպցիոն հենքից տնտեսությունը տեղափոխել օրինական հարաբերությունների դաշտ: Թե մեկը, թե մյուսը ամենևին հեշտ չէ: Առաջինի դեպքում ուղղակի նմանօրինակ այլ տնտեսական բևեռ գոյություն չունի, որն իր պոտենցիալով ունակ լինի Հայաստանին տնտեսական զարգացման էական հնարավորություններ տալ, բայց միաժամանակ լինել կոռուպցիոն հենքի վրա գտնվող բևեռ: Նմանօրինակ տնտեսական միջավայրերը ներկայումս հայտնվել են լրջագույն խնդիրների առաջ:
Համաշխարհային ճգնաժամը հարվածում է ամենուրեք, սակայն այնտեղ, որտեղ տնտեսությունը օրինական, իրավական հենքի վրա է, մեծ են վերականգնման հեռանկարներն ու հնարավորությունները, իսկ կոռուպցիոն հենքով տնտեսությունների պարագայում ճգնաժամը ունի ավելի շուտ աղետի վերածվելու հեռանկարներ: Մյուս կողմից, անցնել օրինական, իրավական տնտեսական համակարգի՝ Հայաստանում չի ստացվում, քանի որ սա նշանակում է տնտեսության ազատականացում, ինչն էլ իր հերթին շոշափում է օլիգոպոլ և մոնոպոլ քվոտավորման սուբյեկտների շահերը, առավել ևս, որ նույն այդ սուբյեկտների շրջանակն էլ պետք է հանդիսանա վերակողմնորոշման քաղաքական որոշման աղբյուրը:
Սրան զուգահեռ Հայաստանին ճնշում է և էլ ավելի ուժգին է ճնշելու առկա իրականությունը, ընդ որում՝ տարբեր կողմերից: Ավելին՝ այդ ճնշումը բոլորովին էլ սուբյեկտիվ չէ, ինչպես օրինակ ռուսականը: Այսինքն՝ խնդիրն այն չէ, որ ինչ-որ մեկը ինչ-որ պահանջ ունի Հայաստանից և օգտագործելու է տնտեսական խնդիրների ճնշման համար: Հայաստանին ճնշելու է օբյեկտիվ իրականությունը, որ առկա է աշխարհում հիմնարար փոփոխությունների գործընթացի տեսքով: Համաշխարհային գլոբալ ճգնաժամը չի կարող լիարժեք հաղթահարվել առանց նոր աշխարհակարգի ձևավորման: Այդ անցումային գործընթացը կտևի տարիներ թե տասնամյակներ, շատ դժվար է ասել: Սակայն անցումային գործընթացը ինքնին ճնշում է այն երկրների վրա, որոնք համարժեք չեն փոփոխություններին, ինչպես պետություններում է անցումային գործընթացը ճնշում տարբեր առումներով՝ օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն անհամարժեք անհատներին ու սոցիալական խմբերին:
Խոշոր հաշվով, հայաստանյան «էլիտան», ըստ էության, հայտնվում է մոտավորապես այն վիճակում, որ վիճակում ինքն է դրել քաղաքացիներին և հասարակության հիմնական սոցիալական խմբերին Հայաստանի անցումային փուլում, ընդ որում՝ նաև արհեստականորեն ձգելով այդ անցումային փուլն ու շահագործելով հասարակությանը: Ներկայումս հայկական «էլիտան» աշխարհում հայտնվում է այն վիճակում, ինչ վիճակում նա դրել է Հայաստանի հասարակությանը երկրի ներսում:










































