Իշխանությունները ճնշումներն ուժեղացնում են, ոստիկաններն այս անգամ քաղաքացիական հագուստով են գալիս և «ահաբեկում»: Բժիշկներից տեղեկություն ստացա, որ բոլորին հրավիրել են մարզկենտրոն, հանդիպում են նշանակել, կոլեգիայի նիստ են հրավիրել. մի խոսքով տարբեր մեթոդներով փորձում են մարդկանց քանակը նվազեցնել, բայց դե հասկանում եք՝ չի հաջողվի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը, ով ակտիվորեն մասնակցում է Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային հանդիպումներին:
Մեր այն դիտարկմանը, թե այս անգամ ժողովուրդը քիչ է և հարցին՝ հնարավո՞ր է սակավամարդության պատճառով որևէ բան փոխվի՝ կապված Հովհաննիսյանի ապրիլի 9-ին կայանալիք երդմնակալության հետ, Մ. Գասպարյանն ասաց. «Նորմալ ժողովուրդ կա, անելիքով է պայմանավորված, իսկ ժողովուրդը գիտի իր անելիքը, մեկ անգամ ավել չի ուզում գա, երևի թե տանը նստած ինտերնետային լրատվամիջոցներով է հետևում»:
Հարցերին, թե երդմնակալության համար անհրաժե՞շտ է հավաքել մարդկանց կոնկրետ քանակ, և ի՞նչ կհաջորդի ժողովրդի առաջ երդվելուն, ԺՈՒԿ նախագահը պատասխանեց. «Ամսի 9-ից հետո թող իշխանությունները մտածեն՝ ինչ պետք է լինի, որովհետև այս ժողովրդի դժգոհությունը և Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունը ստեղծելու է մի իրավիճակ, որը երկրում ձևավորվելու է երկիշխանություն, եթե երկիշխանությանը չկարողացան բերել ինչ-որ մի պայմանավորվածության և երկխոսության, ապա ինձ թվում է, որ հետևանքները շատ բարդ է կանխատեսել:
Կձևավորվի երկիշխանություն, միգուցե նաև` ինչ-որ փրկության կոմիտեի պես մի բան, կամ չգիտեմ՝ կարելի է տարբեր ձևով ասել: Իշխանությունները ինչ-որ մի ձև պետք է կարողանան խոհեմություն դրսևորել և իրենց կողմից քայլ առ քայլ չէ արդեն՝ դա արդեն ավելի արագ կամ, այսպես ասեմ, կտրուկ զիջումների գնան»:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե հրապարակը սակավամարդ լինելու դեպքում, կերդվի՞ արդյոք Ր. Հովհաննիսյանը և, այնուամենայնիվ, կարևոր չէ՞ մարդկանց քանակը, ինչին ի պատասխան՝ Մանուել Գասպարյանն ասաց. «Ինձ թվում է այդքան կարևոր չէ… ոչ թե կարևոր չէ՝ դա մի փոքր սխալ ձևակերպում է, այլ կարևորն այն է, որ հավաքվածները իմանան իրենց անելիքը: Կարելի է ասել, որ այդ երդումը պետք է լինի շարքային քաղաքացուց սկսած՝ այն, որ ինքը պայքարելու է հանուն իշխանափոխության հանուն վաղվա ապագայի»:
Մեր զրուցակցի գնահատմամբ՝ այս անգամ մարզային հանդիպումների ընթացքում մարդկանց ակտիվությունը, ըմբոստությունն ավելի մեծ է, քան նախկին հանդիպումների, այցելությունների ժամանակ. «Հիմա ժողովուրդն արդեն գիտի իր անելիքը. այս այցելությաններն այնքան հաճախակի են լինում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, որ արդեն մեկ անգամ ասվածը ժողովուրդը շատ հեշտ ընկալում է և լրացուցիչ անգամ չի գալիս»:









































