Եվրոպայի ապագան իսլամն է: Եվրոպացիները չպետք է գլուխներն ավազի մեջ թաքցնեն՝ ցույց տալով, թե չեն հասկանում դա: Այս մասին, ինչպես գրում է Hürriyet Daily News-ը, հայտարարել է ԵՄ հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղիշը:
Թուրքիայի նախարարի այս ծայրահեղական դիրքորոշումը պայմանավորված է ֆրանսիական ուլտրաաջ շարժման առաջնորդ Մարի Լե Պենի այն հայտարարությամբ, թե «վերջին ժամանակներս, ինչպես երբեք, իսլամի ազդեցությունը Ֆրանսիայում ավելի նկատելի է դարձել»:
«Մենք շատ լավ տեղեկացված ենք միսս Լե Պենի՝ Թուրքիայի հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքի մասին, սակայն նախընտրում ենք դրա վրա ուշադրություն չդարձնել: Ֆրանսիայի բնակչության 11 %-ը մուսուլմաններ են, Եվրոպայի բնակչության 8-9 %-ը նույնպես մուսուլմաններ են: Մինչև 2030 թ. այս ցուցանիշը կհասնի 15 %-ի: Այս հարցում ես լիովին համաձայն եմ Գերմանիայի նախկին նախագահի հետ, ով դեռ երեք տարի առաջ էր կանխագուշակել ԵՄ-ում մուսուլմանների ազդեցության աճը»,- հայտարարել է Բաղիշը:
Մարի Լե Պենը պատասխան հարցազրույցում հայտարարել է, որ «ինքն անձամբ Թուրքիայի հետ խնդիրներ չունի և չի էլ ունեցել»: Քաղաքական գործիչն իր զարմանքն է հայտնել այն կապակցությամբ, որ Թուրքիան ԵՄ մուտք գործելու համար ջանք չի խնայում այն դեպքում, երբ բոլորն արդեն ցանկանում են դուրս գալ ԵՄ-ից, առավել ևս, որ «ոչ ոք չի ցանկանում Թուրքիային տեսնել այնտեղ»:







































