Ֆրանսիայի կառավարությունը որոշում է կայացրել ժամանակավորապես դուրս գալ Շենգենյան տարածքից:
Այս մասին հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները` հղում կատարելով նախագահական նստավայրի իրենց աղբյուրներին: Պատճառը` Լիբիայից և Թունիսից այս երկիր մեծաքանակ ներգաղթն է:
Ինչպես գրում է L’Express-ը, Ֆրանսիայի նախագահին դուր չի գալիս Շենգենյան պայմանագիրն այն տեսքով, որ ներկայումս գոյություն ունի, քանի որ այն թույլ չի տալիս կանխելու մեծ քանակով ներգաղթյալների մուտքը Ֆրանսիա: Այդ պատճառով կառավարությունը որոշում է կայացրել դուրս գալ Շենգենից, քանի դեռ այս խնդիրը լուծում չի ստացել:
Հիշեցնենք, որ արաբական երկրներում տեղի ունեցող ապստամբությունների և հեղափոխությունների պատճառով տեղի իշխանություններն ի վիճակի չեն վերահսկելու ներգաղթյալների մեծ հոսքը դեպի Եվրոպայի հարավային երկրներ` հիմնականում Իտալիա, ինչի պատճառով մի քանի տասնյակ հազար մարդու հաջողվել է անօրինական ներխուժել Շենգենյան տարածք: Իտալիան ի վիճակի չլինելով ընդունելու այս քանակության ներգաղթյալների` թույլատրել է նրանց ժամանակավոր մուտք գործել Շենգենյան տարածք, ինչը հարուցել է հարևան երկրների, հատկապես Ֆրանսիայի դժգոհությունը:







































