Չնայած Հայաստանի էլեկտրական ցանցերում դեռ աուդիտը չի էլ սկսվել, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հիմնվելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աուդիտի վրա, այսօր հայտարարել է, թե էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավորված է։ «Այսպիսով, կարող ենք փաստել, որ սակագները հիմնավորված են, և դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա: Միաժամանակ, մենք քննարկել ենք հարցը Հայաստանի Հանրապետության նախագահի հետ և որոշել ենք, որ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիների նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չհանդիսանա»,- ասել է Աբրահամյանը։
Առնվազն հետաքրքիր է, թե ինչն են քննարկել վարչապետն ու նախագահը, երբ ՀԷՑ-ի աուդիտի արդյունքները չկան։ Նույն Սերժ Սարգսյանը հանրությանը խոստացավ, որ աուդիտ կլինի ՀԷՑ-ում, ոչ թե ՀԾԿՀ-ում։ Դժվար է կասկածել, որ ՀԷՑ-ը կարող էր իրեն ձեռնտու տվյալներ ներկայացնել ՀԾԿՀ-ին։ Ի դեպ՝ մեզ հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ-ում աուդիտ անցկացրած «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ընկերությունը ռուսական ընկերություն է, գրանցված է ՌԴ-ում։ ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ ՀԷՑ-ում աուդիտի առթիվ մրցույթը երեկ է ավարտվել և բացվել ու ուսումնասիրվում են առաջարկների փաթեթները։ Այսօր կամ վաղը հայտնի կդառնա հաղթող աուդիտորական ընկերության անունը։
Մեր հարցին, թե ՀԾԿՀ-ում անցկացված աուդիտը կարո՞ղ է համարժեք լինել ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտին, ՀԷՑ-ի մամուլի խոսնակն ասաց. «Հանրային ծառայություններում անցկացված աուդիտը մի բան է, մեր մոտ անցկացվող աուդիտը ուրիշ բան է։ Դրանք տարբեր բաներ են։ Ընդհանուրն այն է, որ իրենց աուդիտն էլ է անդրադարձել ՀԷՑ-ի ծախսերին և այլն»։ Թե երբ կսկսվի աուդիտը, Սարջանյանը դժվարացավ ասել։ «Երբ արդյունքներն ամփոփվեն, կտանք նաև աուդիտի մեկնարկի հետ կապված տեղեկությունը»,- ասաց ՀԷՑ խոսնակը։
«Թրաստ աուդիտ» աուդիտորական ընկերության աուդիտոր Հայկ Մարգարյանը կարծում է, որ վարչապետը շտապել է էլեկտրաէներգիայի թանկացման հիմնավորման մասին հայտարարություն անել։ Մեր հարցին, թե արդյոք ճի՞շտ էր առանց ՀԷՑ-ում աուդիտ անելու հայտարարել, որ թանկացումը հիմանավորված է, աուդիտորն ասաց. «Թանկացման հիմնավորվածությունը ստուգելու համար պետք է ստուգել այդ կազմակերպության ծախսերը և եկամուտները, և եթե «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» -ն այդ հաշվետվությունը կազմել է, դրանք չստուգելով, եթե ՀԷՑ-ում աուդիտ չի անցկացրել ու հաշվետվություն է կազմել, որ թանկացումը հիմնավորված է, չեմ կարծում, որ այդ ձևով հնարավոր է որոշել՝ հիմնավորված է, թե ոչ»։
Դիտարկմանը, թե, ասել է թե, վարչապետի հայտարարութունը ոչ հիմնավոր է, աուդիտորն ասաց. «Դելոյթ և Տուշ ԱՊՀ»-ի եզրակացությունը ճիշտ է այն մասով, որ համաձայն ՀԾԿՀ ներկայացված փաստաթղթերի՝ պետք է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանար, այլ բան է, որ ասել թե սակագնի բարձրացումը հիմնավորված է, դեռ վաղ է։ Քանի որ հանրային անվստահություն կա, որ կարող է՝ ՀԷՑ-ն է սխալ տվյալներ ներկայացրել իր ծախսերի և եկամուտների մասով հանձնաժողովին, ուրեմն պետք է տեղում այդ ստուգումն իրականացվի։ ՀԷՑ-ում սկզբնական փաստաթղթերն ուսումնասիրվի, դրանից հետո նոր վերջնական կարծիք հրապարակվի»։
Աուդիտորից հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք սխալ չէ՞ր ռուսական ընկերությանը ՀԾԿՀ-ի աուդիտը վստահելը, քանի որ հանրային դժգոհությունը ռուսական մեկ այլ ընկերության դեմ էր և արդյոք ուղղորդում չի՞ եղել, քանի ռուսական շահեր կան։ «Հանրությունը կարող է կասկածել, բայց ես որպես մասնագետ հակված եմ մտածել, որ աուդիտորական ընկերությանն այդքան հեշտ չէ ուղղորդել»,- հավաստիացրեց Մարգարյանը։









































