Իսրայելը Պաղեստինին կոչ է անում անցնել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունների՝ ասվում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Մենք Պաղեստինյան ինքնավարությանն ու նրա առաջնորդին (Մահմուդ Աբաս) կոչ ենք անում գործել պատասխանատու կերպով և ընդունել Իսրայելի վարչապետի առաջարկը՝ առանց նախապայմանների իսրայելական կողմի հետ ուղիղ բանակցություններ սկսելու վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում։
Վարչապետի գրասենյակը նշել է՝ «այն փաստը, որ ինքնավարության ղեկավարը ամեն անգամ հրաժարվում է ընդունել այդ առաջարկը, լավագույն ապացույցն է առ այն, որ նա պատրաստ չէ խաղաղ կարգավորման»։
Աբասը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից, Իսրայելին կոչ է արել դադարեցնել կոշտ ուժի կիրառումը՝ իր ծրագրերը պարտադրելու համար։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պաղեստինցիներին և իսրայելցիներին կոչ էր արել խուսափել գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են սրել իրավիճակը, ինչպես նաև հանդես էր եկել Երուսաղեմի սրբավայրերի նկատմամբ ստատուս քվոյի պահպանման օգտին։











































