Ի պատասխան Երևանի տոնն առավել համեստ նշելու և խնայված միջոցները սահմանամերձ որևէ գյուղի որևէ կարիքի ուղղելու երևանցիների պահանջի կամ դիմումի՝ Երևանի քաղաքապետարանը հնարավոր բոլոր տոներով ավելի և ավելի «հաստատակամորեն» պնդեց Երևանի տոնը ըստ նախատեսվածի և առանց մեկ լումա իսկ օպտիմալացնելու նշելու մասին:
Ավելին՝ գտնվեցին նույնիսկ մարդիկ՝ քաղաքապետարանամերձ, թե ոչ քաղաքապետարանամերձ, որ սկսեցին պահանջներ ներկայացնել այն քաղաքացիներին, ովքեր հանդես էին եկել առաջարկ-դիմումով: Պահանջները հանգում էին նրան, թե արդյո՞ք դուք ինքներդ ձեր անձնական միջոցներից գումարներ հատկացրել եք, օգնություն փոխանցել եք սահմանամերձ գյուղերին, որ ներկայումս էլ պահանջում եք չեղարկել քաղաքի տոնը: Շատերը նույնիսկ այնքան հեռուն գնացին հարցը նենգափոխելու գործում, որ քաղաքացիներին սկսեցին մեղադրել տոնական, ուրախ տրամադրությանը դեմ լինելու համար:
Իրականում խնդիրը չափից դուրս պարզ էր՝ մարդիկ առաջարկում էին տոնը նշել համեստ, քանի որ պատերազմող երկրի սահմանամերձ գյուղերը ունեն հազար ու մի կարիք, և մայրաքաղաքին, օրինակ, վայել կլինի տոնի առիթով մի որևէ պատասխանատվություն ստանձնել այդ կարիքներից որևէ մեկի համար: Մայրաքաղաքը գուցե այլ առիթներով էլ ստանձնել է, ստանձնում է, այդ մասին, համենայնդեպս, հավաստիացնում են պաշտոնյաները, դա գուցե քննարկման թեմա է, թե ինչքանով է այդ ստանձնածը իրավիճակին համարժեք: Բայց սահմանամերձ շրջաններում վիճակն այնպիսին է, որ երբեք քիչ կամ ավելորդ չի լինի հավելյալ պատասխանատվությունը: Ի վերջո, այդ բնակավայրերի և դրանց բնակիչների ուսերին ամբողջ երկրի պատասխանատվությունն է: Սակայն ստեղծված իրավիճակում դրսևորվեց մայրաքաղաքային անպատասխանատվության աղետալի պատկերը:
Խոսքը քաղաքացիների անպատասխանատվության մասին չէ, այլ Երևանի՝ որպես պետական ինստիտուտի: Մայրաքաղաքը, ի վերջո, պետական ինստիտուտ է, գործող օրգանիզմ: Այդ ինստիտուտը պետք է լինի ոչ թե կլանող, այլ ճառագող: Մայրաքաղաքից պետք է արժեքներ, գաղափարներ, վստահություն ճառագի դեպի պետության այլ շրջաններ, առավել ևս, երբ խոսքը պատերազմող պետության մասին է: Եթե մայրաքաղաքում բացակայում է այդ պատասխանատվությունը, դա ազգային անվտանգության հարց է:
Ազգային, պետական անվտանգության խնդիրները չեն չափվում միայն կոնկրետ ժամանակահատվածի ու տարածության մեջ դրսևորվող երևույթներով՝ լինի դա լրտեսական գործունեություն երկրի ներսում, հակառակորդի գրոհ սահմանին: Անվտանգության խնդիրները ունենում են նաև խորքային, ժամանակի ու տարածության մեջ ուղիղ իմաստով չշոշափվող, սակայն հեռահար իմաստով չափազանց վտանգավոր դրսևորումներ:
Երևանի տոնի հետ կապված երևանցիների մի զգալի մասի առաջարկի հանդեպ Երևանի իշխանության վերաբերմունքը հենց այդ դրսևորումներից մեկն է, որովհետև վկայում է Հայաստանի համար մայրաքաղաքի իշխանության պատասխանատվության զգացումի և համարժեքության լիակատար բացակայության մասին: Փաստացի ստացվել է մի վիճակ, երբ Երևանի իշխանությունը հայտարարում է քաղաքացիների, հասարակության, Հայաստանի «ինադու» տոնելու մասին: Ընդ որում՝ այդ հանգամանքը ընդգծվում է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ, որը վերաբերում է Երևանի տոնը պատշաճ նշելուն:
Փաստորեն, սահմաններում պատերազմական վիճակի պարագայում Երևանի տոնը նշվում է կառավարական մակարդակով: Դա իսկապես կործանիչ հարված է հակառակորդին: Միայն թե մինչև Բաքու հասնելը, այդ հարվածն անցում է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի վրայով: Դրանից խուսափելու քաղաքակիրթ և պատասխանատու, պետականահենք բազմաթիվ ձևեր կային, կան: Ընդամենը հարկ էր քննարկել խնդիրը հանրային շրջանակով, գալ ընդհանուր հայտարարի, որ Երևանի տոնակատարության բյուջեի իքս մասը կհատկացվի սահմանամերձ բնակավայրերի որևէ խնդրի լուծման:
Միևնույն ժամանակ, Երևանի տոնի առիթով կարելի էր հանդես գալ պատասխանատու համաքաղաքային նախաձեռնությամբ, սահմանամերձ բնակավայրերի հանդեպ մայրաքաղաքի ուշադրությունն, այսպես ասած, համակարգելու, հայեցակարգված շարունակելու, մայրաքաղաք-սահման անընդհատ, բազմազան կապ, այդ թվում՝ ոչ միայն կենսական, առօրեական, անվտանգության և սոցիալ-տնտեսական, այլ նաև թեթև, ժամանցային ուղղությունների ներառմամբ կապ ապահովելու համար:
Սահմանամերձ գյուղի բնակիչները գուցե դա չեն սպասում: Նրանց թե՛ էմոցիոնալ, թե՛ բանական մակարդակում պատասխանատվությունը պետության և անգամ մայրաքաղաքի հանդեպ անհամեմատ ավելի մեծ է, քան Երևանի կենտրոնում բազմած և քաղաքի տոնակատարության ամեն լուման «կրծքով» պաշտպանող միլիոնատեր պաշտոնյաներինը: Այդ մարդիկ սահմանը չեն լքում՝ անասելի կենսապայմաններով հանդերձ, որովհետև գիտեն, որ հետևում մայրաքաղաքն է, գիտեն, որ իրենց մեծ խնդիրների գնով օգնում են պետությանը չփոքրանալ՝ թե՛ տարածքով, թե՛ արժանապատվությամբ:









































