ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է նոր միջազգային նախաձեռնության մասին՝ ուղղված դադարեցնելու կանանց, երեխաների և դեռահասների մահացությունը, ինչը կիրականացվի հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև նրանց կյանքի որակը բարձրացնելու միջոցով: Նախնական փուլում երկրներն այդ ծրագրին կհատկացնեն ավելի քան 25 մլրդ դոլար՝ գրում է TASS-ը:
«Կանանց, երեխաների և դեռահասների առողջության գլոբալ ռազմավարությունը, որի մշակման մասին ես հայտարարում եմ այսօր, կօգնի կառուցել ամուր և առողջ հասարակություններ: Մենք արդեն ցույց ենք տվել, որ մեր գործընկերությունը կարող է կոնկրետ արդյունքների հանգեցնել: ՄԱԿ-ի ամբողջ համակարգի հետ միասին ես, ինչպես նախկինում, լի եմ մեզանից ամենախոցելիների կյանքը փրկելու և բարելավելու վճռականությամբ»,- ասել է Պան Գի Մունը:
Նշվում է, որ այդ նպատակների համար պարտավորվել են միջոցներ հատկացնել ԱՄՆ-ը (3.3 մլրդ դոլար), Կանադան (2.6 մլրդ դոլար), Շվեդիան (2.5 մլրդ դոլար), Գերմանիան (1.3 մլրդ դոլար), Նորվեգիան (420 մլն դոլար), Նիդերլանդները (326 մլն դոլար) և Հարավային Կորեան (300 մլն դոլար):









































