90-ական թթ. ամենահայտնի սուպերմոդելներից Սինդի Քրոուֆորդը The Edit սնդուսափայլ ամսագրի համար նկարահանվել է սեքսուալ ֆոտոշարքում: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
49-ամյա մոդելը կեցվածք է ընդունել Chloé, Emilio Pucci, Missoni, Balmain և Dolce & Gabbana հայտնի ապրանքանիշերի հագուստներով: Չնայած տարիքին՝ Սինդին վստահաբար ցուցադրում է բարեկազմ ոտքերը, ներկայանում համարձակ լանջաբացվածքով:
Անկեղծ հարցազրույցում Քրոուֆորդը խոսել է 14-ամյա դստեր՝ Քայյայի հետ կապված իր մտահոգությունների մասին, որը որոշել է գնալ հայտնի մոր հետքերով՝ նույնպես մոդել դառնալ: Աղջկան, որն արդեն հասցրել է նկարահանվել իտալական Vogue-ի հուլիսյան համարի համար նախատեսված ֆոտոշարքում, անվանում են Սինդիի երիտասարդ կրկնօրինակը և նրա համար մեծ ապագա են գուշակում նորաձևության ինդուստրիայում:
«Հիմա մոդելներից ակնկալում են անհավանական նիհարություն, և ես շատ եմ անհանգստանում նրա համար: Ես այդ տիպի կազմվածք չունեմ, և, որքան կարող եմ դատել՝ նա նույնպես: Ես նրան ասում եմ. «Վայելիր ածխաջրերը, քանի կարող ես»: Քայյան ծաղկում է և վերածվում է հրաշագեղ երիտասարդ կնոջ, և ես ուզում եմ, որ նա պահպանի իր փայլը: Ես չեմ ուզում, որ նա մրցի ինձ հետ: Երբեմն ես նրան կատակով ասում եմ. «Դու այնպիսի մազեր ունես, ինչպիսին ես՝ երիտասարդ ժամանակ, հետ տուր», կամ «Դու գողացել ես իմ ոտքերը»: Բայց ես վստահ եմ, որ նրա մոտ ամեն ինչ լավ կլինի: Նա ավելի հավաք է, քան ես նրա տարիքում»,- պատմել է Սինդին:
















































