Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի առաջին ատոմակայանը, որը կառուցվելու է միջերկրածովյան Աքքույու վայրում, պլանավորված է շահագործման հանձնել 2022 թվականին։ Դրա մասին են վկայել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպման համար պատրաստված նյութերը։
Աքքույուի ատոմակայանն ունենալու է 4 էներգաբլոկ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կազմելու է 1200 մեգավատտ։ Ռուսաստանն ու Թուրքիան այդ ատոմակայանի կառուցման ու շահագործման վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը ստորագրել են 2010 թվականին։ Նախագիծը գնահատվում է 20 միլիարդ դոլար։ Աքքույուի ատոմակայանը անդադար ռեժիմով էլեկտրաէներգիա կարտադրի 60 տարի և կդառնա Թուրքիայի էներգետիկ միացյալ համակարգի առանցքային տարրերից մեկը։ Ատոմակայանը կապահովի Թուրքիայի էներգասպառման ընդհանուր մակարդակի մոտ 7 տոկոսը։
Պուտինի և Էրդողանի հանդիպման համար պատրաստված նյութերը նաև վկայել են, որ երկու երկրների նախագահները հանդիպման ժամանակ իրենց հիմնական ուշադրությունը բևեռելու են Սիրիայի խնդրի վրա՝ ԴԱԻՇ-ի ծայրահեղականներին հավաքական կերպով դիմագրավելու անհրաժեշտության շեշտադրմամբ։ Քննարկվելու է նաև ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե Թուրքիան պլանավորել է մինչև 2023 թվականը (հանրապետության հիմնադրման 100-ամյակ) երկրում կառուցել ատոմակայան։ Թուրքիայի երկրորդ ատոմակայանը կառուցվելու է սևծովյան Սինոպում, այն կառուցելու է ֆրանս-ճապոնական կոնորցիումը։ Սինոպի ատոմակայանի հզորությունը կազմելու է 4500 մեգավատտ։ Երրորդ ատոմակայանի կառուցման վայրը վերջնականապես հստակեցված չէ։ Որոշակի տվյալներով՝ այն կարող է կառուցվել Թուրքիայի եվրոպական հատվածում գտնվող Իղնեադա վայրում։











































