Դուբայի կառավարիչ և ԱՄԷ վարչապետ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի ավագ որդին՝ շեյխ Ռաշիդը, մահացել է ոչ թե սրտի նոպայից, այլ Եմենի տարածքում ռազմական գործողությունների ընթացքում: Այսպես է պնդում իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների հայտարարություններին և ականատեսների վկայություններին:
«Շեյխ Ռաշիդն ու ԱՄԷ ևս մի քանի զինծառայող սպանվել են Եմենի Մարիբ նահանգում «Անսար Ալլահ» (շիա շարժման կողմնակիցների) կողմից հրետանային գնդակոծության հետևանքով»,- նշում է գործակալությունը: Այս լուրը հաստատում են նաև ականատեսները, որոնք մասնակցել են Եմենի նշված շրջանում ռազմական գործողություններին:
Շաբաթ օրը ԱՄԷ կառավարության ղեկավարի ապարատը հայտարարել է սրտի նոպայից Դուբայի կառավարչի ավագ որդու մահվան մասին: Հաղորդագրության մեջ ասվում էր, որ շեյխ Ռաշիդ բեն Մուհամմեդ Ալ Մաքթումը մահացել է 34 տարեկանում: Էմիրությունների իշխանությունները չեն բացահայտում կատարվածի մանրամասները:
Սեպտեմբերի 13-ին Եմենի կառավարական ուժերը լայնամասշտաբ հարձակում են սկսել Մարիբ նահանգում, որը վերահսկում են հութի ապստամբները «Անսար Ալլահ»-ից: Գործողությունն ընթանում է արաբական կոալիցիայի ցամաքային ստորաբաժանումների աջակցությամբ, որոնց թիվը ներկայումս հասնում է 10 000 զինծառայողի:








































