Գերմանիայի կառավարությունը սիրիացի փախստականներին կտրամադրի 20 մլն եվրոյի չափով անհետաձգելի օգնություն: Այդ մասին տեղեկացրել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով նախարար Գերդ Մյուլլերը Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում:
«Դա թույլ կտա երեք ամիս 500 հազար սիրիացի փախստականների ապահովել սննդով»,- նշել է նա՝ հավելելով. «Հուսով եմ, որ մեր օրինակին կհետևեն այլ երկրներ»:
Փախստականներին օգնության միջոցները կտրամադրվեն Համաշխարհային պարենային ծրագրի միջոցով: Մյուլլերը նշել է, որ իր ղեկավարած նախարարությունը ներկա պահին զբաղված է ավելի քան 1 մլրդ եվրոյի բաշխմամբ՝ որպես անմիջական օգնություն փախստականներին:
Նա միջազգային հանրությանը կոչ է արել հաղթահարել Համաշխարհային պարենային ծրագրի համար միջոցների գոյություն ունեցող պակասը: «Մենք չենք կարող հաշտվել այն փաստի հետ, որ ՄԱԿ-ում սպառվում են տեղերում սննդամթերքի մատակարարումն ապահովող միջոցները»,- ասել է նա:








































