Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում ընթացող ուրանի պաշարների որոնման աշխատանքները հակազդեցություն են առաջացրել տեղի բնակչության շրջանում, որոնք պատրաստվում են բողոքի հանրահավաք անցկացնել դրա դեմ: Ստեղծվել է այդ գործընթացի դեմ հանդես եկողների նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել կոչ-հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշված է, որ ուրանի հանքավայրի շահագործումը մահացու վտանգ է պարունակում տարածաշրջանի բնակչության համար: Նախատեսված է նոյեմբերի 11-ին Կապանի մշակույթի պալատի հարակից հրապարակում հրավիրել հանրահավաք` ընդդեմ ուրանի հանքավայրի շահագործման: Ըստ «Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանի` Կապանի ենթամարզի բնակիչները պահանջում են չեղյալ հայտարարել ՀՀ կառավարության որոշումը, քանի որ այն անընդունելի է: «Էկոլուր» ՀԿ ղեկավարը նշեց, որ ուրանը շատ ակտիվ տարր է, ազդում է օրգանիզմում ոսկորային համակարգի վրա, մինչեւ 14 տարեկան երեխաների վրա: Ինգա Զարաֆյանի հավաստմամբ, դեռեւս խորհրդային իշխանության տարիներին Ռուսաստանում եւ Ղազախստանում շահագործվող ուրանի հանքավայրերը ժամանակ անց փակվել են: Ինչ վերաբերում է Կապանում նոյեմբերի 11-ին կայանալիք հանրահավաքին, ապա «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը «Առաջին լրատվականին» տեղեկացրեց, որ նախատեսված է ժողովրդին համախմբել, իրազեկել եւ անցկացնել պարբերական ակցիաներ: Նա հիշեցրեց, որ դեռեւս անցյալ տարի՝ օգոստոսին, ուրանի հանքաքարի հետախուզական աշխատանքներն իրականացնելու նախագծի վերաբերյալ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հայ-ռուսական լեռանահանքային կազմակերպության հետ մեկտեղ անցկացրել է հասարակական լսումներ, որի մասնակիցների մեծ մասը եղել են չինովնիկներ, եւ ուրանի հանքաքարի շահագործմանը վերաբերող արձանագրությունները կեղծվել են, որն էլ բողոքի ալիք է բարձրացրել: