«Ուրախ եմ, որ հայրենիքում եմ», այս խոսքերով է այսօր սկսել իր համերգը` ֆրանսահայ հանրահայտ երգիչ Պատրիկ Ֆիորին Ստեփանակերտի Վերածնության հրապարակում,-հայտնում է «Արցախպրեսը» : Երգիչը նշել է, որ Արցախում եղել է տասը տարի առաջ և ուրախ է` տեսնելով կատարված փոփոխությունները:
«Իմ ազգանունը Շուշանյան է, իսկ մորս կողմից տատիկս շուշեցի է»,- հայտարարել է Պատրիկ Ֆիորին և հրապարակում հավաքված բազմահազար հանդիսատեսին է ներկայացրել իր երգացանկի սիրված կատարումները: Համերգի ընթացքում հնչել են նաև հայկական երգեր, հանդիսատեսը հատկապես հուզմունքով է լսել հանրահայտ երգչի կատարմամբ «Դլե յամանը»,-նշում է աղբյուրը:
Սեպտեմբերի 17-ին Արցախում մեկնարկած «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնն այսօր ավարտվել է Պատրիկ Ֆիորիի համերգով: Փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել Ֆրանսիան և նրա մշակույթը ներկայացնող մի շարք միջոցառումներ:












































