Ապրիլի 23-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օր: Արդեն երեք տարի է՝ այդ օրը նշվում է նաև Հայաստանում: Այսօր Երևանի պետական համալսարանում այս օրվան նվիրված քննարկում էր կազմակերպվել: Քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, որը նշեց, որ, IT տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, գրքի դերակատարությունը նվազել է, սակայն նախարարությունն անում է հնարավորը գրքի հանրահռչակման ուղղությամբ:
Խոսելով Հայաստանում հեղինակային իրավունքների պաշտպանվածության խնդրի մասին՝ Պողոսյանը նկատեց, որ «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը բավական լավն է, սակայն խնդիրներ կան դրա կիրակման հետ կապված, և մշակույթի նախարարությունն ամենաշատն է առնչվում մշակութային ստեղծագործությունների հեղինակային իրավունքների խախտումների հետ:
Մշակույթի փոխնախարարը նշեց, որ վերջին տարիներին նախարարությունը փորձում է իր ընդունած գերատեսչական ակտերով որոշ խնդիրներ լուծել, և հիշեցրեց նախարարության նախանցած տարվա որոշումը՝ համերգային սրահներում ֆոնոգրամայով երգելն արգելելու մասին. «Ճիշտ է, եղան բուռն քննարկումներ, բայց հավատացնում եմ, այսօրվա դրությամբ զտվել, մաքրվել են համերգները, և դրանց մեծ մասն անցնում է կենդանի հնչողությամբ»:
Պողոսյանը կարևորեց ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը CD-ների և DVD-ների վրա պարտադիր դրոշմակնիքների առկայության վերաբերյալ, որը մարտի 1-ից մտել է ուժի մեջ:
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ 2012 թ. Հայաստանում նշվելու է գրատպության 500-ամյակը, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2012-ին Երևանը հռչակել է գրքի միջազգային մայրաքաղաք:







































