Հնագետ Համլետ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այսօր մեր մշակութային կոթողների նկատմամբ մեծացել է ՀԿ-ների, երիտասարդական նախաձեռնությունների ուշադրությունը, և նրանք կարող են ինչ-որ բան փոխել: Միաժամանակ հասարակությունը լավ չի վերաբերվում կոթողներին. այսօր շատ են կիսագրագետ երիտասարդները, ովքեր գրություններ են թողնում հուշարձանների վրա, խաչքարերի մոտ մոմ են վառում և այնքան են սևացնում, որ զարդանախշերը կորչում են:
«Այնպիսի ամիս չկա, որ մի կոթող չփլուզվի: Սակայն համատարած անուշադրություն է, և ոչ մի քայլ չի ձեռնարկվում: Մենք ուզում ենք, որ մշակույթի նախարարությունը մեզ դիտարկի որպես համագործակցողի, և միասին կարողանանք փրկել հուշարձանները»,- ասաց նա:
Մասնագետը խոսեց նաև Տիգրանակերտի հայտնաբերման մասին՝ նշելով, որ ութ տարիների ընթացքում պեղվել է ընդամենը տարածքի 1.5 տոկոսը, սակայն դրա հիման վրա 2010-ին բացվեց Տիգրանակերտի թանգարանը. «Այժմ Տիգրանակերտի թանգարանը մեր ջանքերի շնորհիվ Պատմության թանգարանի այցելուների կեսի չափ այցելու ունի»:
Նրա խոսքով՝ պարիսպների հայտնաբերումից հետո պարզվեց, որ Տիգրանակերտը հսկա քաղաք է՝ իր շինություններով, բնակելի տարածքներով և եկեղեցիով. «Մեր մշակութային արժեքների շնորհիվ կարող ենք աշխարհին լավագույնս ներկայանալ, իսկ դրա համար անհրաժեշտ է խնամքով վերաբերվել դրանց»: