Ճապոնիայում մեծ տարածում են ստանում սպիտակ դեղնուցով հավկիթները: Այդ յուրահատուկ մթերքը հայտնվել է ներկրման քաղաքականության փոփոխման արդյունքում: Այս մասին հայտնում է Кedem.ru-ն:
Նշվում է, որ ձվի դեղնուցի գույնը կախված է հավի սննդից: Երկար ժամանակ Ճապոնիայում հավերին կերակրել են ԱՄՆ-ից ներկրվող եգիպտացորենով: Սակայն երկրի իշխանությունների գյուղատնտեսական քաղաքականությունը փոխվել է, և Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարությունը ֆերմերներին խորհուրդ է տվել որպես հավերի կեր օգտագործել տեղական բրինձ:
Այդ սննդի արդյունքում հավերը սկսել են լրիվ սպիտակ դեղնուցով ձվեր ածել, որը քաղցրավուն նրբահամ ունի: Այդպիսի ձվերը ճապոնացիներն անվանում են «կոմեցույա» (կոմե՝ բրինձ, ցույա՝ փայլ):
Մասնագետների խոսքով՝ այդ ձվերի սննդային արժեքը չի տարբերվում ավանդական դեղին դեղնուցով տարբերակներից:









































