Ադրբեջանական Contact.az կայքի փոխանցմամբ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան երկօրյա այցով մեկնել է Նախիջևանին ինքնավար հանրապետություն (ՆԻՀ): Այնտեղ նա հանդիպում է ունեցել ՆԻՀ-ի Գերագույն խորհրդի նախագահ Վասըֆ Թալիբովի հետ և քննարկել ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները ՆԻՀ-ում:
Իր նախիջևանյան այցի ժամանակ Բրայզան հետաքրքրվել է ՆԻՀ-ի պատմական հուշարձանների, այդ թվում նաև Ջուղայի հայկական խաչքարերի վիճակով:
Լրագրողներին Բրայզան նշել է. «Մեծապես ցավում եմ, որ ես չկարողացա այցելել Ջուղա և տեսնել այդ հին գերեզմանատունը: Ես իմ ափսոսանքը հայտնեցի Թալիբովին և հույս հայտնեցի, որ իմ հաջորդ այցի ժամանակ ինձ հնարավորություն կընձեռեն այցելել այնտեղ: Այդ հուշարձանները մեծ հետաքրքրություն են առաջացնում: Մենք կողմնակից ենք բոլոր հուշարձանների պահպանմանը:
Թբիլիսիում գտնված ժամանակ ես ակտիվորեն աջակցել եմ հայկական եկեղեցիների պահպանմանը, իսկ Հայաստանում գտնված ժամանակ` Շուշիի ու Ակնի (Աղդամ) մզկիթների պահպանմանը»:
Նշվում է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակվելուց հետո Բրայզան առաջին պաշտոնական այցն է Բաքվից դուրս:
Հիշեցնենք, որ ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսի տվյալներով, Հին Ջուղայի գերեզմանատունը 1648 թվականին այն ունեցել է շուրջ 10 հազար լավ պահպանված խաչքար: 1903-1904 թվականներին Ջուղայի տարածքով անցկացված երկաթուղու շինարարության ընթացքում դրանց կեսը անվերադարձորեն ոչնչացվեցին:
Մինչև 2005 թվականը Նախիջևանի Հին Ջուղայի գերեզմանատանը պահպանված էին ավելի քան 5000 խաչքարեր: Սակայն 2005 թվականի դեկտեմբերին ադրբեջանցիների կողմից պետական մակարդակով կազմակերպված հանցագործության հետեւանքով դրանք վերջնականապես ոչնչացվեցին:







































