Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հերքել է 2007 թվականի նախընտրական արշավի ժամանակ L’Oreal կոսմետիկական ընկերության համասեփականատեր Լիլիան Բետանկուրից ապօրինի միջոցներ ստանալու մեղադրանքները: Քաղաքական գործիչն այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնում է RBK-ն:
Սարկոզին երախտագիտություն է հայտնել իր կողմնակիցներին «անհիմն հետաքննության» անցկացման պայմաններում աջակցության համար: «Բոլոր նրանց, ովքեր ինձ աջակցել են, և նրանց, ովքեր դեմ են հանդես գալիս ինձ, ցանկանում եմ ասել, որ իմ պետական կարիերայի ողջ ընթացքում ես երբեք դուրս չեմ եկել իմ լիազորություններ շրջանակից: Ես իմ ողջ էներգիայով և իմ տրամադրության տակ եղած ռեսուրսներով պատրաստվում եմ ապացուցել իմ ազնվությունը»,- խոստացել է քաղաքական գործիչը:
Նախկին նախագահը բազմիցս ակնարկել է, որ 2017 թվականին կարող է մասնակցել պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարին: Ներկայիս իշխանությունների քննադատները կարծում են, որ Սարկոզիի դեմ հետաքննություն սկսելը կոչված է շեղելու ուշադրությունը ներկայիս նախագահի շրջապատի սկանդալներից:
Հիշեցնենք, որ ֆրանսիական դատախազությունը կասկածում է Սարկոզիին իր նախընտրական արշավի համար Բետանկուրից 50 հազար եվրո ստանալու մեջ, մինչդեռ մասնավոր անձանց կողմից նվիրատվության առավելագույն շեմը 4600 եվրոն է: Նա կասկածվում է նաև Բետանկուրին մանիպուլյացիայի ենթարկելու մեջ. վերջինիս մոտ 2006 թվականին տկարամտություն է ախտորոշվել:








































