ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարությունները Երուսաղեմին հատկացվող ռազմական օգնության վերաբերյալ նոր պայմանագիր են կնքել, որը նախատեսում է Վաշինգտոնի կողմից ֆինանսավորման մեծացում։ Այս մասին հաղորդում է Defense News-ը: Նոր պայմանագրի շրջանակներում ԱՄՆ-ը 2018-2027 թթ. Իսրայելին կցուցաբերի 40 միլիարդ դոլարի ռազմական օգնություն: Այս համաձայնագիրն ուժի մեջ կմտնի գործող համաձայնագրի ավարտից անմիջապես հետո (վերջին տարին 2017 թ. է), որի շրջանակներում ԱՄՆ-ն ամեն տարի Իսրայելին փոխանցում է 3 միլիարդ դոլար:
Իսրայելին միջոցների փոխանցումը կիրականացվի արտասահմանյան ռազմական ֆինանսավորման ծրագրով (Foreign Military Financing, FMF):
FMF ծրագրով ԱՄՆ-ը մի շարք երկրների ֆինանսական օգնություն է ցուցաբերում, որոնք այդ միջոցները ծախսում են ամերիկյան զենք, ռազմական տեխնիկա կամ ծառայություններ ձեռք բերելու համար: Այս ծրագրով Իսրայելը 1998-2007 թթ. ստացել է տարեկան միջինը 2.4 միլիարդ դոլար, իսկ 2008-2017 թթ. ձեռք է բերվել համաձայնություն տարեկան 2.9-3.1 միլիարդ դոլար փոխանցելու վերաբերյալ:
Բացի FMF ծրագրով Իսրայելին հատկացվող ռազմական օգնության մեծացումից, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է նաև հավելյալ ֆինանսավորում՝ հակահրթիռային պաշտպանության համակարգի ծրագրի ստեղծման համար: 2013 թ. ԱՄՆ-ի բյուջեին այս նպատակների համար նախատեսվում է հատկացնել շուրջ 200 միլիոն դոլար:
ԱՄՆ-ն Իսրայելին ամենամյա ռազմական օգնություն է ցուցաբերում 1987 թ. սկսած: Վերջին 26 տարիների ընթացքում ԱՄՆ-ն ամեն տարի Իսրայելին փոխանցել է միջինը 1.9 միլիարդ դոլար:












































