Ատլանտյան օվկիանոսից այս կողմ՝ ամերիկացի ամենաբարձրաստիճան զինվորական, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները մշակում են սիրիական հակամարտությանը միջամտելու պլաններ: Այս մասին հայտնում է Kommersant-ը:
Ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի հայտարարությունն արվել է սիրիական ընդդիմության «անցումային կառավարության» ղեկավարի ընտրվելուց և հակամարտող ճակատներից մեկի կողմից քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունների տարածումից հետո:
ՌԴ ԱԳՆ-ն կտրուկ հայտարարությամբ հանդես եկավ, որում քիմիական հարձակման պատասխանատվությունը դրեց ընդդիմության վրա: Արևմտյան փորձագետների մեծ մասը հակված է կարծել, որ հարձակումն իրականացրել են կառավարական ուժերը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ասադի ռեժիմի կողմից քիմիական զենքի կիրառումը կարող է դառնալ այն սահմանը, որից հետո ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի կողմից հակամարտությանը միջամտելը կդառնա անխուսափելի:
Հաշվի առնելով այն, որ տասնյակ պետություններ սիրիական ընդդիմությանը ճանաչում են որպես սիրիացի ժողովրդի օրինական ներկայացուցիչ, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի համար հնարավորություն է հայտնվել ստանալու հակամարտությանը միջամտելու նրանց օրինական համաձայնությունը:
Սենատի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամների առջև ելույթ ունենալիս Ստավրիդիսը իր կարծիքն է հայտնել, համաձայն որի՝ Սիրիային «բալկանացում» է սպասվում: «Ցավոք սրտի, դա հավանաբար Սիրիայի ապագան է: Դա տեղի կունենա արդեն Ասադի ռեժիմի անկումից հետո: Կարծում եմ՝ մեծ է վրեժից, միջկրոնական հակամարտություններից սպանությունների հավանականությունը…»:











































