Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ առավոտյան, Էրեբունի բժշկական կենտրոն մահացած վիճակում տեղափոխված 6-ամյա տղայի մահվան փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 30-ամյա Կարեն Պետրոսյանը Խարբերդ գյուղի ամառանոցների ճանապարհին, վարելով «ՎԱԶ 21 06» մակնիշի 04 ՕՏ 278 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել 6-ամյա Վյաչեսլավ Ամիրյանցին, որից հետո երեխային տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն: Երեխան, սակայն, արդեն մահացած է եղել, իսկ վարորդը՝ Կ. Պետրոսյանը, ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Մասիսի բաժին:
Վարորդը աշխատում է «Նաիրիտ» գործարանում՝ որպես անվտանգության աշխատակից:
Ավտոմեքենան տեղափոխվել է Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:












































