1885 թվականին գերմանացի գյուտարար Գ. Դայմլերը, իսկ 1886-ին՝ նրա հայրենակից Կ. Բենցը պատրաստել և արտոնագրել են բենզինային շարժիչով առաջին ավտոմեքենաները: Սակայն հենց Ամերիկան է ավտոմոբիլը դարձրել պաշտամունքային արտադրանք:
ԱՄՆ-ի ավտոմեքենաշինության սկզբնակետը համարվում է 1896 թվականը: Այդ ժամանակ ստեղծվել է ամերիկյան ավտոմոբիլների թողարկման առաջին ընկերությունը: 1898 թվականի մարտի 24-ին Winton Motor Carriage Company-ի ստեղծած Winton մոդելի մեքենան 1000 դոլարով ձեռք է բերել լեռնային ինժեներ Ռոբերտ Էլիսոնը:
«Առանց ձիու» փոխադրամիջոցը, որն ուներ կաշվե տանիք և գազային լապտերներ, Էլիսոնը տեսել էր Scientific American ամսագրում: Գնման պահին գոյություն է ունեցել ընդամենը նման 4 մեքենա:
Առաջին մեքենան արտադրած ընկերությունը հիմնադրվել է 1897 թվականի մարտի 15-ին՝ Ալեքսանդր Ուինթոնի կողմից: Ընկերությունը դադարեցրել է մեքենաների թողարկումը 1924 թվականին, սակայն շարունակել նավերի և ստացիոնար դիզելային շարժիչների արտադրությունը: 1930 թվականի հունիսին ընկերությունը դարձել է General Motors-ի մաս:
Ինչ վերաբերում է առաջին վաճառված ամերիկյան ավտոմեքենային, Էլիսոնի մահից հետո ընկերությունը հետ է գնել այն և տեղափոխել թանգարան:











































