Ճապոնիայի մայրաքաղաքի բնակիչները տեղափոխվել են քաղաքային այգիներ՝ վայելելու սակուրայի ծաղկման վերջին օրերը: Տոկիոյի ամենահայտնի՝ «Ուենո» այգում գլխավոր ծառուղում մարդկանց հոսքը շարժվում է շատ դանդաղ՝ ավելի շուտ հիշեցնելով հսկա հերթ, ոչ թե զբոսնողների բազմություն: Ծառուղու երկայնքով նախապես տեղեր են առանձնացվել նրանց համար, ովքեր նախընտրում են վայելել սակուրան իրենց ընկերների հետ փոքրիկ սեղանի շուրջ: Ծաղկող ծառերի տակ լավագույն վայրերը զբաղեցվում են մի քանի օրով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Սակուրայի ծաղկումը ճապոնական այգիներում իսկական տոն է, որի պարտադիր ատրիբուտ են համարվում սննդի պաշարով վրանները: Երեխաների համար այգիներում կազմակերպվում են տարբեր մրցույթներ:

Այս տարի Տոկիոյում սակուրայի ծաղկումը սկսվել է սովորականից երկու շաբաթ շուտ: Սակուրայի ծաղկման ճակատը շարժվում է երկրի հարավից հյուսիս: Ծայր հյուսիսում գտնվող Հոկայդո կղզում սակուրան կծաղկի մայիսի սկզբին:








































