Պակիստանի նախկին նախագահ, գեներալ Պերվես Մուշարաֆը Դուբայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի վախենում թալիբների սպառնալիքներից: Թալիբները խոստացել են հայրենիքում հայտնվելու դեպքում սպանել նրան: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մուշարաֆի խոսքերով՝ թալիբները նախկինում ևս բազմիցս մահափորձեր են իրականացրել իր դեմ, սակայն այս անգամ ինքը պատրաստ է անվտանգության հավելյալ միջոցառումներ ձեռնարկել:
Քաղաքական գործիչը խոստանում է Պակիստան վերադառնալ մարտի 23-ին, որպեսզի մասնակցի մայիսին կայանալիք ընտրություններին:
Մուշարաֆի այցի մասին լուրերը չեն ուրախացրել նաև Պակիստանի իշխանություններին, որոնք նախկին նախագահին «կաշառակեր» են անվանում:
2012-ի օգոստոսին դատարանն առգրավել էր գեներալի ողջ ունեցվածքն ու սառեցրել տեղի բանկում նրա հաշիվները: Պակիստանի գլխավոր դատախազն արդեն հայտարարել է, որ երկիր մտնելուն պես Մուշարաֆը պետք է ձերբակալվի:











































