Վերջին տարիներին արաբական և մուսուլմանական երկրներում նվազում է համակրանքն Իրանի հանդեպ։ Դա տեղի է ունենում հատկապես Արևմուտքի հետ վերջինիս հարաբերությունների սրացման ֆոնին: Այս մասին տեղեկացնում է Akhbaar24 հրատարակչությունը՝ հղում կատարելով ն Zogby International վերլուծական կենտրոնին:
Ուսումնասիրությունները հիմնվել են 17 արաբական երկրներում, ինչպես նաև Թուրքիայում, Ադրբեջանում և Պակիստանում վերջին տասնամյակում (2002-2012 թթ.) կատարված հարցումների արդյունքների վրա։ Դրանից բացի, 20 այլ երկրներում իրանական ժողովրդի հանդեպ վերաբերմունքի, այդ երկրի մշակույթի և Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հարցումներ են անցկացվել, որոնց 20 հազար մարդ է մասնակցել: Ուսումնասիրության սկզբում արաբական և հարևան մուսուլմանական երկրների 75 %-ն Իրանին բացառապես դրական է համարել: Իսկ ահա 2012 թ. վերջին այդ ցուցանիշը 25 %-ի է հասել:
Հարցմանը մասնակցած 20 երկրներից 17-ում ժողովրդի և այդ երկրների կառավարությունների կարծիքների տարբերություն չի արձանագրվել: Այդ 17 երկրների քաղաքացիները դրական չեն գնահատում նաև Սիրիայի ճգնաժամում Իրանի դերը:
2006 թ. հարցվածների մեծամասնությունն աջակցել է Իրանի միջուկային ծրագրին և դեմ է եղել վերջինիս նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցներին: Իսկ ներկա պահին մեծամասնությունն Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների կողմնակից է, սակայն դեմ է, որ նրա միջուկային օբյեկտներին ռազմական հարվածներ հասցվեն:
Zogby International հետազոտական կենտրոնի տնօրեն Ջեյմս Զոգբիի կարծիքով՝ Իրանի հանդեպ համակրանքը նվազում է նաև Իրաքում, Բահրեյնում, Սիրիայում և Լիբանանում պառակտություններ սերմանելու նրա փորձերի պատճառով:








































