2008 թվականից Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը տառապում է անբուժելի՝ Ալցհեյմերի հիվանդությամբ: Նա գտնվում է բժիշկների մշտական խնամքի ներքո՝ անկողնային վիճակում:
Վերջին շրջանում նրա առողջական վիճակը ավելի էր վատացել՝ պայմանավորված ճնշման հաճախակի տատանումներով, սակայն վիճակն արդեն բարելավվել է:
«Բժիշկներն ամեն ինչ արեցին՝ շնչառությունը ավելի դյուրին դարձնելու համար, բայց նա անգիտակից վիճակում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կ.Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Սրբազանն անդրադարձավ նաև վերջին ամիսներին հայ կանանց սպանություններին՝ նշելով, որ կատարողը, դժբախտաբար հայ է: Նրա խոսքով՝ Թուրքիայի ներկա կառավարությունը լավագույնն է. լուծել է փոքրամասնությունների հետ կապված մի շարք խնդիրներ: Սա, ըստ նրա, լավագույն շրջանն է:
Նա նաև նշեց, որ այս ընթացքում մեծ աջակցություն է ցուցաբերվում սիրիահայերին: Հիշեցնենք, որ դեռ հունվար ամսին պատրիարքարանը հանդես էր եկել սիրիահայերին օգնություն տրամադրելու կոչով: Ավելին, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հանդիպել է Թուրքիայի իշխանությունների հետ և Սիրիայում ապրող հայերին հանգանակություն ուղարկելու թույլտվություն ստացել:










































