Նրանք, ովքեր ցանկանում են Մեծ Բրիտանիա մեկնել, ստիպված կլինեն այցագիր ստանալուց բացի, թողնել բավականին մեծ գումար որպես երաշխիք առ այն, որ այցագրի գործողության ժամկետը լրանալուց հետո կվերադառնան իրենց երկիր: Նման առաջարկով մտադիր է հանդես գալ փոխվարչապետ Նիք Քլեգը, որի ելույթի նախագիծը հայտնվել է բրիտանական ԶԼՄ-ների տրամադրության տակ: Այս մասին հայտնում է RBK-ն:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Մեծ Բրիտանիայի միգրացիոն ծառայությունների գլխավոր խնդիրը ոչ թե անօրինական գաղթյալներն են, որոնք ինչ-որ կերպ հատել են սահմանները, այլ օրինական ճանապարհով երկիր եկածները, որոնք հրաժարվում են հեռանալ:
Նրանք, ովքեր ժամանակին կլքեն Մեծ Բրիտանիայի տարածքը, իրենց գումարը հետ կստանան: Օրինախախտները ոչ միայն կներառվեն այցագրային ծառայության սև ցուցակում , այլև կզրկվեն գրավի վերադարձից:
Գրավ կսահմանվի ոչ թե անխտիր բոլորի, այլ այն անձանց համար, ում հանդեպ կլինեն Մեծ Բրիտանիայում մնալու վերաբերյալ կասկածներ:









































