Մոլորակի շուրջ 900 մլն մարդու համար հասանելի չէ մաքուր խմելու ջուրը: Այս թիվը Բեռլինում ներկայացրել է ՄԱԿ-ում Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) բարի կամքի դեսպան Եվա Պադբերգը՝ այսօր աշխարհում տոնվող Ջրի համաշխարհային օրվա առթիվ՝ տեղեկացնում է ITAR-TASS-ը: Տոնը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից՝ 1993թ.:
Օրվա խնդիրն է հասարակության ուշադրությունը սևեռել բնական ռեսուրսի նշանակության ու աշխարհի տարբեր շրջաններում դրա պակասի վրա:
«Ջրի հետ կապված իրավիճակը մոլորակի շատ անկյուններում ողբերգական է: Միլիոնավոր երեխաներ ընդհանրապես ընտրություն չունեն, քան խմել կեղտոտ ջուր՝ չնայած գիտեն, որ կարող են հիվանդանալ»,- ասել է գերմանացի թոփ-մոդելը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդմամբ՝ աշխարհում ամեն օր աղեստամոքսային հիվանդություններից մահանում է մինչև 5 տարեկան շուրջ 2 հազար երեխա: Պատճառը կեղտոտ ջուրն է ու հիգիենայի բացակայությունը:
Մահվան դեպքերի գրեթե 99 տոկոսը բաժին է ընկնում զարգացող երկրներին, առաջին հերթին՝ Աֆրիկային ու Հարավային Ասիային:









































