Պակիստանը տարեկան 20 ատոմային ռումբ է պատրաստում և առաջիկա 10 տարում կարող է դառնալ աշխարհի երրորդ խոշորագույն միջուկային տերությունը: Այսպիսի եզրակացության են եկել Հանուն միջազգային խաղաղության Քարնեգիի հիմնադրամի և Սթիմսոնի կենտրոնի փորձագետները, հայտնում է rosbalt.ru-ն:
Երկու կազմակերպությունների նոր զեկույցում ասվում է, որ Պակիստանի մարտագլխիկների թիվը կարող է աճել մինչև 350-ի: Դրանցից ավելի շատ ունեն միայն ԱՄՆ-ը և Ռուսաստանը:
Զեկույցի հեղինակները միջուկային ներուժի աճը բացատրում են իր գլխավոր մրցակից Հնդկաստանից հետ չմնալու Պակիստանի ձգտումով:
Միաժամանակ նշվում է, որ Պակիստանը բարձր գին կվճարի միջուկային ներուժի ագրեսիվ աճի համար:
«Բնակչության աճի, կարևոր սոցիալական և կրթական պահանջների, խիստ էներգետիկ դեֆիցիտի, նաև իրավապահ և դատական համակարգի ամրապնդման պահանջների պայմաններում Իսլամաբադը չի կարող իրեն միջուկային վարկի վճարումներ թույլ տալ, որոնք կաճեն առաջիկա տասնամյակներին»,- ասվում է զեկույցում:










































