Այսօր՝ մարտի 22-ին, ժամը 03:00-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Երևան քաղաքի Կոմիտաս 20 շենքի բնակիչ, 35-ամյա Արմեն Ղասաբյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՃՈ աշխատակիցները նրան Բաղրամյան պողոտայում կանգնեցրել են, երբ վարելիս է եղել «Մերսեդես» մակնիշի 20 ՍԼ 268 համարանիշի ավտոմեքենան:
Վարորդը՝ Ա. Ղասաբյանը, սկսել է սպառնալիքներ տալ ՃՈ աշխատակիցների հասցեին՝ վախեցնելով, թե ինքը «կամանդիր պալկա» է, և եթե նրանք իրեն չթողնեն, ապա առավոտյան զորամասում ինչքան «Միլիցու» երեխեք կան, սաղին …… (սեռական հայհոյանքներ է տվել):
Դրանից հետո ՃՈ աշխատակիցները մեծ դժվարությամբ նրան տեղափոխում են բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:
Բժշկական կենտրոնից հայտնել են, որ պարզվել է՝ նա եղել է ոչ սթափ վիճակում:
Նույն սպառնալիքներն ու հայհոյանքները նա շարունակել է տալ նաև Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում: «Կամանդիր պալկա» ներկայացած Ա. Ղասաբյանը, ըստ տեղեկությունների, մայրաքաղաքում տեղակայաված զորամասերից մեկում գումարտակի հրամանատար է:
Արդեն ՃՈ հատուկ պահպանվող տարածքում Ղասաբյանը փորձել է համոզել, որ այս մասին ոչ մի նյութ չպատրաստի:
Պաշտպանության նախարարը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժելու նման վարքագից ունեցող զինվորականներին: Ահա ցայտուն օրինակ, թե ինչպիսի զինվորականներ կան ՀՀ Զինված ուժերում, որոնք արատավորում են բանակի հեղինակությունն ու զինվորականի՝ առավել ևս սպայի կոչումը:





































