Burning Man արտ-փառատոնին նկարիչների մի խումբ կստեղծի բրիտանական խորհրդարանի, Եղիսաբեթի աշտարակի և Թեմզայի վրա կառուցված բացվող կամրջի ճշգրիտ կրկնօրինակները: Եվ այդ ամենը… հետագայում այրելու համար:
Այս կրկնօրինակները կտեղավորվեն Նևադա նահանգի Բլեք-Ռոք անապատում, որտեղ ամեն տարի հավաքվում են ստեղծագործ մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից: Burning Man-2013-ը տեղի կունենա օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 2-ը:
Հինգ հազար նկարիչներ, փիլիսոփաներ և ուղղակի ժամանակակից արվեստի սիրահարներ կհավաքվեն անապատի կենտրոնում: Մասնակիցները պետք է ինքնարտահայտվեն խոշոր մասշտաբային գեղարվեստական մոնտաժային աշխատանքների, պարերի, մաստեր կլասների, երաժշտական ելույթների և արվեստի դասախոսությունների միջոցով:
Բրիտանական ճարտարապետական հուշարձանների կրկնօրինակների ստեղծումը չորս փուլով կկատարվի: Այն 20 000 դոլար կարժենա: Սկզբում կկառուցվի Համայնքների պալատը: Դիզայներները հուսով են, որ հյուրերը կզգան այն վայրի մթնոլորտը, որտեղ բարձրաձայն քննարկումներ են ընթանում և երկրի համար կարևոր խնդիրներ են լուծվում: Շինարարության երկրորդ փուլում կկառուցվի խորհրդարանի շենքը՝ Բիգ Բենի հետ միասին, ինչպես նաև կստեղծվեն Բրիտանիայի հանրահայտ գահակալների և պատմական գործիչների դիմանկարները:
Այնուհետև կկառուցվի Թաուերյան կամուրջը, որը իսկականի նման կբացվի և կփակվի: Իսկ չորրորդ փուլում կկառուցվի լոնդոնյան Թաուերը՝ իր ստորգետնյա հաստատություններով և հասարակաց տնով:
Բրիտանական Fractured Atlas ոչ առևտրային կազմակերպությունը գումար է հավաքում այս ծրագրի համար, որը կիրականացվի ինը մասնագետների կողմից։











































