Մոտ մեկ ամիս առաջ` նախագահի ընտրության օրը, «Մետաքս» թաղամասում Սերժ Սարգսյանի շտաբի դիմաց 1in.am և «Հրապարակի» լրագրողների աշխատանքը խոչընդոտելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճվել է: Ընդ որում` կարճվել է «հանցակազմի բացակայության պատճառով»:
Սա այն դեպքում, երբ չնայած լարված իրավիճակին ու խոչընդոտներին՝ լրագրողներին հաջողվել է հայհոյախառն արտահայտությունների մի քանի կադր նկարել ու ձայնագրել: ՀՔԾ-ն ու գործը վարող քննիչ Արամ Գրիգորյանը դիտելով առկա տեսանյութը և ձայնագրությունը, որոնք ակնհայտ փաստում են լրագրողների աշխատանքը կոպիտ կերպով խոչընդոտելու մասին, լսելով վկայությունները՝ եկել են այն եզրակացության, որ դրանցում որևէ «հանցակազմ չկա»:
Ասել է թե` «ապահով Հայաստանում» ընտրության օրը կարելի է հարձակվել լրագրողի վրա, խոչընդոտել նրա մուտքը թեկնածուի շտաբ, վիրավորել ու հայհոյել նրան, խլել տեսախցիկը, և «ազատ-անաչառ» դատախազությունն այդտեղ որևէ հանցակազմ չի կարողանում գտնել, եթե, իհարկե, հարձակվողը «ապահով Հայաստանի» նախարարի եղբայրն է:
Ինչպես հայտնի է, «Մետաքս» թաղամասում Սերժ Սարգսյանի շտաբի դիմաց լրագրողների աշխատանքը հիմնականում խոչընդոտել է ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը: Հենց նա է մոտեցել լրագրողներին և կոպտորեն արգելել մուտք գործել շտաբ՝ ասելով. «Գնացեք ստեղից, դավայ էղեք», սակայն լրագրողներն այդ պահին նրան չեն ճանաչել: Փաստն ի հայտ է եկել նրա և լրագրողների առերեսման քննչական գործողության ժամանակ:
Հակոբ Բեգլարյանը նախկինում «Գնումների աջակցման կենտրոն» պետական կազմակերպության պետն էր և անցյալ տարվա սեպտեմբերին վարչապետի որոշմամբ ազատվեց աշխատանքից՝ նախագահի վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում:
Հիշեցնենք, որ ընտրության օրը լրագրողները փորձել էին մուտք գործել Սերժ Սարգսյանի շտաբ, սակայն շտաբի մոտ կանգնած մի խումբ տղամարդիկ, այդ թվում՝ Հակոբ Բեգլարյանը, հայհոյախառն արտահայտություններով արգելել էին նրանց մուտքը շտաբ և խլել տեսախցիկն ու ֆոտոապարատը:
«Սա պետություն է, Սերժ». Սերժ Թանգյանին ուղղված նամակում պնդում է Սերժ Սարգսյանը: Փաստորեն, այս պետության մեջ լրագրողները անպաշտպան են, երբ հարցը վերաբերում է Սերժ Սարգսյանի համար ընտրության օրն «աշխատող» նախարարի եղբորը:
Կարելի է փաստել, որ ՀՔԾ-ն, որպես պետական օղակ, չկատարեց իր գործառույթը և չպատժեց մեղավորներին` հետագա նման դեպքերը կանխելու համար: Այնպես որ՝ ապագայում նման դեպքերի պատասխանատուն հենց դատախազությունն ու ՀՔԾ-ն են:









































